Իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել, Բագրատ Սրբազանին նույնպես չի խանգարում․ Քոչարյան
Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել․ այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բնածին առաջնորդին ոչ մի ստվեր չի կարող խանգարել, մեծ մարդն ունի մեծ ստվեր, փոքր մարդը` փոքր ստվեր։ Սրբազան շարժմանը ֆինանսական աջակցություն չի եղել։ Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի և խմբակցության գնահատականը։ Դրանից բացի որևէ աջակցություն չի եղել։ Սրբազանը նման կարգի աջակցության համար չի էլ դիմել», – ասել է Քոչարյանը։
Անդրադառնալով դատական նիստին՝ Քոչարյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է, իրավաբանական խուլիգանություն է։
«Այն, ինչ կատարվում է նիստի ընթացքում, ուղղակի աբսուրդի ժանրից է, իրավաբանության հետ ընդհանրապես որևէ կապ չունի ։Հիմա ընդհանրապես արդարադատություն կա՞: Ես ավելի քան 1,5 տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար, չեղած հոդվածով, և մինչ այսօր ինձնից ներողություն չի խնդրել ոչ դատախազությունը, ոչ էլ որևէ պետական մարմին: Ավելին՝ շարունակվում է այս աճպարարությունը, գործը հետ են բերում դատարան։ Չկա մեղադրանք, չկա հոդված, այս գործն այս վիճակում գցել են առաջին պատահած դատարանի գրպանը։ Հրայր Թովմասյանին չեն թույլատրել մասնակցել այդ գործի քվեարկությանը, որովհետև իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ քավոր–սանիկներ են, իսկ որ դատավորներից մեկը Սասուն Խաչատրյանի եղբայրն է, դա չի խանգարում»,–ասել է Քոչարյանը։
Նախագահը նշել է, որ եթե դատավորը ունենա բավարար համարձակություն, ուղղակի կկարճի գործը։