Արցախը բռնությամբ զավթելուց հետո Ալիևի ռեժիմը ծայրահեղ ճնշում է գործադրել քաղաքացիների նկատմամբ․ Freedom House
Նոյեմբերի սկզբին աշխարհի առաջնորդները, բնապահպան ակտիվիստները և հետազոտողները կհավաքվեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ COP29 կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա ֆորումին: Երրորդ տարին անընդմեջ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի «բարձրագույն որոշում կայացնող մարմինը» նախագահում է ավտորիտար նավթպետությունը, որը մեծապես կախված է հանածո վառելիքից, գրել է Freedom House-ը։
Միջազգային կազմակերպությունը շեշտել է, որ ավելի քան մեկ տարի առաջ ադրբեջանական զինուժը կայծակնային ռազմական գրոհ է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ լուծարելով այդ տարածքի քաղաքական, իրավական և քաղաքացիական ինստիտուտները և տեղահանելով էթնիկ հայերի գրեթե ողջ բնակչությանը։ Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը սաստկացրել է ճնշումներն ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ չնայած, երկրի իշխանությունների հրապարակային կոչերին՝ պահպանել զինադադր COP29-ի ժամանակ։ Սա սպառնում է խաթարել հրատապ գլոբալ խնդիրների ու մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը և բազմակողմ ֆորումների վստահելիությունը:
Միջազգային հանրությունը չպետք է բաց թողնի հնարավորությունը՝ օգտագործելու COP29-ն՝ ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակի վրա և փոփոխություններ ջատագովելու համար։
Ադրբեջանն աշխարհի ամենաանազատ երկրների շարքում է։ Երկրում բացակայում են ազատ լրատվամիջոցները և օրենքի գերակայությունը, արգելվում է հավաքների ազատությունը: Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը խստորեն վերահսկվում է իշխանությունների կողմից: Անցյալ տարի Արցախի տարածքը բռնությամբ զավթելուց հետո Ալիևի ռեժիմը ծայրահեղ ճնշում է գործադրել քաղաքացիների նկատմամբ և անարդար ընտրությունների միջոցով ավելի ամրապնդել նախագահի իշխանությունը:
Այս նոյեմբերին միջազգային հանրության ժամանումից առաջ Բաքուն փորձել է զսպել ցանկացած հասարակական դժգոհություն կամ անհամաձայնություն՝ «մաքրելով քննադատներին»։
Ալիևի բռնաճնշումները չեն սահմանափակվում Ադրբեջանի սահմաններում։ Ադրբեջանի իշխանությունները փորձ ունեն օգնել և՛ Թուրքիային, և՛ Ռուսաստանին՝ թիրախավորել աքսորում ապրող իրենց այլախոհներին: Վերջին տարիներին Ալիևի քննադատները բախվել են բռնի հարձակումների Եվրոպայում, իսկ հարևան Վրաստանից ռեպորտաժներ տվող ադրբեջանցի լրագրողները սպառնալիքներ են ստացել: Անցյալ ամիս Ֆրանսիայում վտարանդիության մեջ ապրող Ալիևի ռեժիմի հայտնի քննադատ Վիդադի Իսղանդարլին իր տանը դաժան հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Հարձակման ժամանակ Իսղանդարլին դանակի ավելի քան 20 հարված է ստացել, իսկ երկու օր անց ստացած վնասվածքներից մահացել է։
Այս ամենը վատ ազդանշան է COP29-ին մասնակցողների անվտանգության տեսակետից։ Դեռ ուշ չէ միջոցառումն օգտագործելու և ընդգծելու Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող շարունակական չարաշահումները և պաշտպանելու մարդու իրավունքները։
Որպես մեկնարկային կետ՝ մասնակից կառավարությունները պետք է պնդեն, որ իշխանությունները երաշխավորեն քաղաքացիական հասարակության բոլոր ներքին և միջազգային դերակատարների անվտանգությունը երկրում՝ ապահովելու, որ կլիմայի վերաբերյալ այս կարևոր բանակցությունները ներառական և իմաստալից լինեն: Նմանապես, բոլոր մասնակիցները պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների մասին խիստ մտահոգությունները ՝ դրանով իսկ սահմանափակելով ռեժիմի հնարավորությունը՝ օգտագործելու համաժողովն իր պատմությունը մաքրելու համար: Սա վճռորոշ ժամանակ է նպաստելու Ադրբեջանում պահվող մոտ 300 քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը։