14 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ում իրավունքն էր Քարվաճառը

Ում իրավունքն էր Քարվաճառը

Քաղաքի ամենավերևի հատվածում կառուցած մեր տանն ապրելուս տարիներին հոդվածներ գրելու նպատակով հաճախ էի զրուցում Հյուսիսային Արցախից տեղահանված ու տարիներ անց Քարվաճառում հաստատված ընտանիքների հետ։ «Ինչո՞ւ որոշեցիք Քարվաճառ տեղափոխվել» հարցի պատասխանը սովորաբար նույնատիպ էր. «Որտեղ էլ փորձեցի ապրել, չէի հարմարվում։ Այստեղ մեր շենին նման է։ Սարերն ու անտառներն են շատ նման։ Այստեղից իմ ծննդավայրը մոտիկ է»։

1993 թվականին ազատագրվելուց հետո հայոց միջնաբերդ Քարվաճառն սկսել էր բնակեցվել 1998-99 թվականներից։

… Քարվաճառի առաջին բնակիչներից Հարութ դային նայում է դեպի Մռավը, կկոցում աչքերն ու ասում. «Մի սար ենք անցել, սա էլ է մեր հայրենիքը, Մռավի մի կողմից մյուս կողմն ենք անցել»։ Թախծոտ աչքերում խտանում է կորցրած տան անանց կարոտը… 2014 կամ 2015 թվականն է։ Նստած ենք Հարութ դայիի տան պատշգամբում։ Տունը քաղաքի ամենաներքևի մասերում է։ Սա նշանակում է՝ նրա ընտանիքն առաջիններից է Քարվաճառ տեղափոխվել։ Հնաբնակության յուրահատուկ «չափիչ» կար Քարվաճառում. առաջին տներն սկսել էին կառուցել քաղաքի ներքևից։ Ինչքան վերև էիր բարձրանում, տունն այնքան ուշ էր կառուցված…

Բարձր լեռներով ու խիտ անտառներով շրջապատված Քարվաճառն առաջինն ու ամենաշատը գրավել էր Հյուսիսային Արցախում իրենց հայրենիքն ու տունը կորցրած հայերին։ Հենց նրանք էին կազմում Քարվաճառի բնակչության մի մեծ մասը։

Հարութ դային, վարպետ Աբրահամն ու շատ-շատերը Քարվաճառում նոր կյանք էին սկսել։ 1990-ականների սկզբին ադրբեջանցիների կողմից սկսած բռնաճնշումների ու ջարդերի հետևանքով Հյուսիսային Արցախի իրենց շեները թողնելով՝ կարոտը սրտում ու աչքերում անթեղած՝ այս մարդիկ հաստատվել էին Քարվաճառում. նրանց երեխաներն ու թոռները դարերի դադարից հետո Քարվաճառում ծնված առաջին հայ երեխաներն էին, ովքեր Քարվաճառում դպրոց էին գնում ու Քարվաճառի հետ կապված մեծ երազանքներ ու նպատակներ ունեին։ Քարվաճառը նրանց հայրենիքն էր ու իրենց պապերի՝ հանգիստ ապրելու իրավունքը։

 Մեկ անգամ հայրենիք ու տուն կորցրած նրանց պապերը լավագույն տեղն էին ընտրել՝ դեպի Մռավը նայելու ու իրենց կորուսյալ հայրենիքը մի սար այն կողմ պատկերացնելու համար։

Ազատագրված Քարվաճառը նրանց իրավունքն էր. իրավունք, որ նորից խլվեց։ Մռավն էլ ոչ մի տեղից չի երևում։

 

Թամարա Գրիգորյան

 

Ռազմագերիներ