09 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որքա՞ն հայ էր մնացել Երևանում 19-րդ դարի առաջին կեսին. ժողովրդագրական իրականությունը Երևանի խանության շրջանում

Որքա՞ն հայ էր մնացել Երևանում 19-րդ դարի առաջին կեսին. ժողովրդագրական իրականությունը Երևանի խանության շրջանում

1736 թվականին Նադիր Շահն Օսմանյան կայսրությունից գրավում է Հայաստանը և 1747 թվականին ստեղծվում է Երևանի խանությունը: Խանության տարածքը կազմում էր մոտ 20 հազար քառակուսի կիլոմետր: Խանության ստեղծումից մինչև 1827 թվականը՝ ռուս-պարսկական պատերազմը, Երևանի և շրջակա բնակավայրերի համար ամենածանր ու արյունալի շրջանն էր: Դեռևս Շահ Աբբասի ժամանակներում մոտ 300 հազար հայերի բռնի տեղահանումից և Հայաստանում թյուրքական ցեղերի, մահմեդականների բնակեցումից հետո Հայաստանում սկսում է կտրուկ նվազել հայերի թվաքանակը: Երևանի խանության շրջանում շարունակվում են հայերի նկատմամբ բռնաճնշումներն ու բնակչության թիվը ավելի է նվազում: Այդ շրջանի մասին մանրամասն գրում է պատմաբան Լեոն: «19-րդ դարի առաջին քառորդում, երբ պարսկական իշխանությունը դեռ անսասան էր Արաքսի հովտում, Երևանի խանության մեջ կային 521 շեն ու մարդաբնակ և 310 ավերակ գյուղեր, ասել է՝ ավերակ գյուղերը շեն գյուղերի կեսից ավելի թիվն էին կազմում կամ թե յուրաքանչյուր 3 շեն գյուղին գալիս էր մոտավորապես 2 ավերակ գյուղ: Այսպես էր մորթվել երկրի բարօրությունը բռնությունների և վատ վարչության երեսից: Այսպես, ամբողջ Ապարանն իր 39 գյուղերով անմարդաբնակ էր»: (Լեո, Երկեր, հատոր 4-րդ, Երևան, 1984, էջ 38):

Պատմական այդ շրջանի մասին ընդհանրական տեղեկություն տալով Լեոն գրում է նաև, թե որքան բնակչություն էր ապրում այդ շրջանում Երևանի խանությունում: «Կյանքի սպառման, մշակույթի վայրենացման հետևանքով էր, որ Երևանի ամբողջ խանությունն ուներ 70 հազար ազգաբնակություն, որից 50 հազար մահմեդական և միայն 20 հազարը՝ հայ: Այսպիսով, հայությունը 2,5 անգամ փոքրաթիվ էր մահմեդականությունից, իսկ Երևան քաղաքում՝ նույնիսկ երեք անգամ (7300 մահմեդական և 2300 հայ): Նախիջևանի խանության մեջ հայերի փոքրամասնությունն ավելի նվազ էր՝ 5000 հոգի 20 հազար մահմեդականների դիմաց»: (Նույն տեղում, էջ 34): Նադիր Շահի նվաճումներից հետո ձևավորված Երևանի խանության ժամանակաշրջանը Հայոց պատմության ամենածանր ու ողբերգական էջերից մեկն էր, երբ երկիրը ենթարկվեց շարունակական պատերազմների, բռնությունների և ժողովրդագրական կտրուկ փոփոխությունների։ Բռնի տեղահանությունները, տնտեսական ավերածությունները հանգեցրին բնակավայրերի ամայացման և հայերի թվաքանակի զգալի նվազման: Պատմական այդ բարդ ժամանակաշրջանը հերթականն էր, որը ևս հաղթահարեց Երևանը:

Արա Զարգարյան

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ