ՀՀ-ն այլևս փոխել է իր արտաքին քաղաքական վեկտորը
Արևմուտքն ինտենսիվ ավելացնում է ԼՂ հայերին ուղված հումանիտար
օգնության ծավալները։ ԵՄ-ն, ԱՄՆ, Ֆրանսիան, Գերմանին, նույնիսկ Ճապոնիան միլիոնավոր
դոլարներ է ուղարկում բռնի տեղահանված հայերի կարիքները հոգալու համար։
Գովելի է, բայց հարց է առաջանում․ ինչո՞ւ այդ օգնությունը
չէր գալիս կամ այդ ծավալների չէր գալիս նախորդ տարիներին՝ հատկապես 44-օրյա պատերազմի
պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամը վերացնելու համար։
Հարցին պատասխանելու համար մտովի տեղափոխվենք 2020թ․-ի
նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներ, երբ ռուսական զորքը տեղակայվում էր ԼՂ-ում, հանդիսանում
էր բնակչության անվտանգության փաստացի երաշխավորը, ռազմաբազա էր բացում Սյունիքում,
հանդիսանում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միակ իրական միջնորդը
և չէր պատերազմում Ուկրաինայի հետ։
Հաջորդ երեք տարիների ընթացքում օբյեկտիվ (ռուս-ուկրաինական պատերազմ)
և սուբյեկտիվ (ՀՀ իշխանությունների ջանքեր) պատճառներով ռուսական ազդեցությունը սկսեց
նկատելի թուլանալ ՀՀ-ում՝ իր տեղը զիջելով արևմտյանին։
Այս ամենը միգուցե ունենար որոշակի տրամաբանություն, եթե ՀՀ-ն փաստացի
պատերազմական իրավիճակում չլիներ, շրջապատված չլիներ երկու թուրքական պետություններով,
կամ գոնե ունենար ՌԴ-ից բացի ևս մեկ անվտանգության երաշխավոր։
Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀՀ-ԵՄ այսքան անբռնազբոս սիրախաղը։
Պետք չէ փորձագետ լինել հարցին պատասխանելու համար, կարելի է ուղղակի ևս մեկ անգամ
մտովի հետ գնալ, այս անգամ արդեն 2008-ի օգոստոս և տեսնել, թե ինչ պատահեց հարևան Վրաստանի
հետ։ Եվ սա այն պարագայում, երբ Վրաստանին ուղղված օգնությունը հարյուրապատիկ ավելի
էր, իսկ ՌԴ-ն դեռ այս որակի պետություն չէր։
Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ նույնիսկ Վրաստանի հետ
զուգահեռներ տանելը ուղեկցվում է որոշակի վերապահումներով, քանի որ տվյալ երկիրը ոչ
արևմուտքից, ոչ էլ արևելքից երբևիցե չի ակնկալել ռազմական ագրեսիա։
ՀՀ իշխանությունների անհեռատես ու կործանարար քաղաքականությունը
առավելագույնս ճիշտ գնահատելու համար ուղղակի պետք է հիշել ԵՄ մի քանի տասնյակ քաղաքական
գործիչների հայտարարությունները, որ ԵՄ-ն և ԵՄ անդամ որևէ պետություն պատրաստ չէ ոչ
ռազմական օգնություն տրամադրել, ոչ էլ պաշտպանել ՀՀ-ին։
Ստացվում է, որ ՀՀ-ն փչացնում է իր հարաբերությունները իր միակ
ռազմավարական դաշնակցի հետ, կորցնում է արտաքին ագրեսիայից պաշտպանող միակ դաշնակցին,
ռիսկի տակ է դնում ՀՀ տնտեսական, էներգետիկ և ֆիզիկական անվտանգությունը մի բանի համար,
որը եվրոպացիները նույնիսկ չեն խոստացել մեզ, ավելին՝ մերժել են։
Փաստեր ու ապացույցներ շատ կան․ ՀՀ-ն այլևս փոխել է իր արտաքին քաղաքական
վեկտորը։ Այս ամենը հղի է կործանարար հետևանքներով, որի առաջին ակորդներն արդեն նկատելի
են։
Վազգեն Բադալյան