19 Հոտ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն կարող է օգնել ՀՀ-ին BRICS-ի հետ երկխոսություն հաստատելու հարցում. Կոպիրկին

ՌԴ-ն կարող է օգնել ՀՀ-ին BRICS-ի հետ երկխոսություն հաստատելու հարցում. Կոպիրկին

Ռուսական կողմը կարող է օգնել Հայաստանին, եթե Երևանը որոշի երկխոսություն հաստատել BRICS-ի հետ, РИА Новости-ի հետ զրույցում նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը, որպես 2024 թվականի BRICS-ի նախագահող երկիր, հայ գործընկերների հետ շփումների ընթացքում, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական տարածքում տարածում է արդի տեղեկատվություն ասոցիացիայի գործունեության և մեր նախագահության առաջնահերթությունների մասին: Եթե Երևանում հասնունանա BRICS-ի հետ երկխոսություն հաստատելու որոշումը, ապա մեր հայ ընկերներն այդ հարցում կարող են հույսը դնել Ռուսաստանի օգնությանը»,- նշել է Կոպիրկինը։

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 18-ին Երևանում Համահայկական համաժողովում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել BRICS-ին։

«Մենք ելնում ենք նրանից, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս հարցում ձևավորվելու է, այդ թվում՝ Կազան կատարած այցի արդյունքներով: Ակնհայտ է, որ Հայաստանը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, պետք է հստակ հասկանա՝ արդյո՞ք միանալն այս կամ այն կառույցին բխում է իր շահերից»,- հայտարարել է դեսպանը։

Միևնույն ժամանակ՝ նա ուշադրություն է հրավիրել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, որ Կազանի գագաթնաժողովում նախատեսվում է ներմուծել BRICS-ի «գործընկեր պետություն» նոր կատեգորիա, որը չի նախատեսում ձայնի իրավունք առանցքային որոշումներ կայացնելիս, սակայն ժամանակի ընթացքում դա թույլ կտա դառնալ ասոցիացիայի լիարժեք մասնակից: