Ոչինչ մեզ չի կանգնեցնի, մենք կգնանք մինչև վերջ, մինչև հաղթանակ․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոչինչ
չի ստիպի Իսրայելին՝ դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմը,
այդ թվում՝ «միջազգային ճնշումը». այս մասին Նեթանյահուն հայտարարել է զինվորների հետ
հանդիպմանը, որի տեսանյութը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները
մինչև ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։
«Ես ուզում եմ շատ պարզ ասել այն, ինչ քիչ առաջ ասացի հրամանատարին՝
մենք կշարունակենք գործողությունները մինչև վերջ։ Ես սա ասում եմ նաև մեծ ցավով։ Չնայած
միջազգային ճնշմանը՝ ոչինչ մեզ չի կանգնեցնի, մենք կգնանք մինչև վերջ, մինչև հաղթանակ»,
– ասել է նա։
Իր հերթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հայտարարել
է, որ պատերազմը կշարունակվի միջազգային աջակցությամբ կամ առանց դրա։