Հայ ժողովրդի և Փաշինյանի համատեղ գոյությունն այլևս հնարավոր չէ․ Վահե Հովհաննսիյան
Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում սկսվի պետականության
անզուսպ փլուզում՝ Արցախի դատարկման ինտենսիվությամբ։ Շատ մեծ է անվերահսկելի զարգացումների
հավանականությունը։ Արտաքին գործոնները և իշխանության որակն ու քայլերը դրան են տանում.
այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «այլընտրանքային» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Խոսելով պայքարի նոր ձևաչափի մասին՝ Հովհաննիսյանը կարևորել է նոր
հարթակի և կամ դաշինքի ստեղծումը։
«Անունը դնենք կոմիտե, հարթակ, դաշինք. միայն թե՝ սկսենք»,- նշել
է նա և հավելել՝ հանրային նոր ձևաչափը չափազանց կարևոր է՝ պետականության անկման
անկառավարելի, անզուսպ խուճապ թույլ չտալու և փոփոխությունների լայն պլատֆորմ ստեղծելու
համար, որը կբերի տրամաբանական իշխանափոխության՝ միակ հնարավորությունը՝ պետությունը
պահելու։
Ըստ Հովհաննիսյանի՝ Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ
կյանքն անհնար է։ «Այս իշխանությունները հեղինակն են 1915-ից ի վեր ամենամեծ ողբերգության,
և նրանք տանում են երաշխավորված նոր աղետի։ Սոլիդ հարթակը սոլիդ պրոցեսներ տանելու
համար է, այս դժոխքը կանգնեցնելու և արդյունքի հասնելու համար է։ Նիկոլը, կոպիտ ասած,
իշխանության մնալու մի տարբերակ ունի՝ պետությունը տանի արհեստական, ձեռակերտ ծանր
ճգնաժամերի. չլինի պետություն՝ ինքը մնա «դաչաների վարչապետ»։ Սոլիդ հարթակի խնդիրը
հենց սա թույլ չտալն է»։
Նոր ձևաչափը կազմելու ծրագիրը նա տեսնում է հետևյալ կերպ․
«Կազմել, համաձայնեցնել և հնչեցնել 20-30 գործիչների նախնական ցանկ՝
բացառապես իրական գործիչներից, ոչ թե սրա-նրա դրածները, առավել ամբիցիոզները կամ «քվոտավորվածները»։
Իրական գործիչներ, որոնց թվում կարող են լինել նաև ներկայիս Աժ պատգամավորներ, եկեղեցու
ներկայացուցիչներ։ Միակ պայմանը՝ իրական, խելքի ու ու գործ անելու հմտության տիրապետող
մարդիկ։ Իրար ու հասարակության հետ լինել ազնիվ, կազմել գործունեության սոլիդ ծրագիր»,-նշել
է նա հավելելով, որ ձևաչափի կայացման համար պետք է հասկանալ, որ նախկին կուսակցությունները՝
իրենց նախկին տեսքով ու բովանդակությամբ, այլևս անելիք չունեն, սկսած խոշորներից՝ ՀՀԿ,
ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, մինչև այլևայլ ձևականները (ՔՊ մասին չենք խոսում, այն հետագայում արգելվելու
է օրենքի ուժով)։ Ողջ հարգանքով հանդերձ, բայց սա օբյեկտիվ վիճակ է։
Հովհաննիսյանը առաջարկել է հիմնական «նոր հարթակի» ուղղությունները․
«1. Ձևավորել միասնական տեղեկատվական շտաբ՝ ազդեցիկ խմբագիրներից,
լրագրողներից, մեդիա-մասնագետներից, քաղտեխնոլոգներից։ Հայ ժողովուրդը գտնվում է թուրքական
գործակալական ցանցի անասելի մեդիա-տեռորի տակ, որի պատճառով կորցնում է խելամիտ դատելու
ունակությունը։ Սա ազգային անվտանգության թիվ 1 խնդիրներից է, այդ տեռորը հասարակությանը
հասցնում է խելագարության, իսկ դրանից մինչև պետության փլուզում մեկ քայլ է։
2. Ձևակերպել հստակ խնդիր՝ Ն. Փաշինյանի իմպիչմենտ։ նա պետք է հեռացվի։
Ստեղծել այդ նպատակի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ողջ երկրով։ Համառ և գրագետ
երկխոսություն հասարակության հետ՝ թե ինչո´ւ է դա պետք. Համառորեն, համբերատար, գրագետ
բացատրել։ Երկրում պետք է ձևավորվի անխուսափելի իմպիչմենտի մթնոլորտ։ Սա մեծ թվով մարդկանց,
ու մասնագետների աշխատանքի դաշտ է։
3. Ձևավորել մարդկային և այլ ռեսուրսների բազա։ Դադարել բողոքել,
թե «ռեսուրս չեն տալիս»։ Այլևս չպետք է խնդրել այդ ռեսուրսը ու ձևացնել, թե «երևի չկա
այդ ռեսուրսը», այլ՝ ուղղակի պահանջել. և´ ռեսուրսը կա, և´ դրա տերերն են հայտնի, և´
կորսված Արցախն է փաստ, և´ Բաքվի բանտերում հայ գործիչների առկայությունը, և´ ուրիշների՝
նույնանման հեռանկարի հավանականությունը։ ։
4. Երկխոսություն՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ համատեղ աշխատելու,
նրանց էֆեկտիվ, ունակ դեմքերին որպես ակտիվ գործընկեր տեսնելու, ռացիոնալ, լավագույն
աշխատելաոճը հասկանալու, օգնելու, որ նրանք չդառնան Նիկոլի, Ալենի տափակ վիրավորանքների
թիրախ։ Խմբակցությունները հանրությանն են պատկանում, մեր ձայներով են ձևավորված, և
չպետք է լինի նրանց կառավարման ստվերային մոդել։
6. Նոր հարթակը պետք է սկսի ինտենսիվ երկխոսությունը աշխարհի ազդեցիկ
հայերի հետ՝ փոփոխությունների մեծ պլատֆորմ ձևավորելու համար (խոշոր բիզնեսից մինչև
ոլորտային և այլ հայտնի դեմքեր)։
7. Նոր հարթակը պետք է ձևակերպի իր հստակ հարցադրումները Ռուսաստանին
և Արևմուտքին։ Առանց ցավոտ հարցադրումների հնարավոր չէ վերականգնել առողջ հարաբերություններ։
Հարգել տանք մեզ, որ հետո փոխհարգալից հարաբերություններ ձևավորենք թե´ Ռուսաստանի,
թե´ Արևմուտքի հետ»։
Իր խոսքի վերջում Հովհաննիսյանը նշել է՝ նոր հարթակը նոր վերնախավի
էմբրիոնն է, որը պետք է հեռացնի այս իշխանությանը, կասեցնի Հայաստանի վերջնական ոչնչացումն
ու սկսի առողջ պետության կառուցումը։