Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ՄաքԴոնալդսում սպասարկել է հաճախորդներին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներգրավել է ամերիկյան ամենահռչակավոր ընկերություններից մեկը՝ ՄաքԴոնալդսը իր քաղաքական քարոզարշավում․ գրում է CNN-ը։
Կիրակի օրը Թրամփը այցելել է Փենսիլվանիայի ՄաքԴոնալդսի մասնաճյուղերից մեկը, որտեղ վերարկուն փոխարինել է գոգնոցով և փորձել է աշխատել որպես ֆրիի խոհարար։ Այնուհետև, ռեստորանի՝ միջոցառման համար փակված մուտքից, ուտելիք էր հանձնում հաճախորդներին՝ պնդելով, որ ուտեստներն անձամբ ինքն է պատրաստել և թե դրանք «նվեր են» իրենից:
Հետաքրքիր է, որ ֆրի պատրաստել,, ըստ Քամալա Հարիսի, այն աշխատանքն է, որը նա արել է երիտասարդ տարիներին։ Սա կենսագրական մի դրվագ է, որը նա պատմել է նախագահական առաջին քարոզարշավի ընթացքում։ Այդ աշխատափորձն այժմ դարձել է նրա միջին խավի ծագման պատմության առանցքային մասնիկը, որով նա փորձում է ներկայանալ ընտրողներին՝ որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու:
Մինչդեռ Թրամփը, ով հայտնի է ՄաքԴոնալդսի նկատմամբ իր սիրով, վերջին շրջանում կենտրոնացել է Հարիսի այդ կենսագրական մանրուքի վրա․ նա պարբերաբար կասկած է հայտնում , որ Հարիսը երբևէ աշխատել է այնտեղ։ Այս այցը ՄաքԴոնալդս Թրամփի հերթական փորձն էր կասկած սերմանելու դեմոկրատ թեկնածուի անցյալի մասին։
«Աշխատանք եմ փնտրում», —ասել է Թրամփը ՄաքԴոնալդսի տնօրենին:
«Ես միշտ ուզել եմ աշխատել ՄաքԴոնալդսում, բայց երբեք չեմ աշխատել: Իսկ մրցակցում եմ մեկի դեմ, ով պնդում է, թե դա արել է, բայց, ինչպես պարզվեց, դա ամբողջությամբ սուտ է»:
Հարիսը, սակայն, հիմնականում անտեսել է Թրամփի պնդումները և իր աշխատանքային փորձի վերաբերյալ պահպանողական լրատվամիջոցների հարցումները: Հարիսի քարոզարշավի թիմից CNN-ին հայտնել են, որ նա ՄաքԴոնալդսում աշխատել է 1983-ի ամռանը, երբ սովորում էր Վաշինգտոնում՝ Հովարդի համալսարանում: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ նա աշխատել է թե՛ հաշվապահական մեքենայի, թե՛ ֆրի և պաղպաղակի սարքերի վրա: