Իսրայելը Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով 7 ադրբեջանցու է ձերբակալել, 2-ը՝ անչափահաս
Իսրայելի յոթ քաղաքացիներ՝ Ադրբեջանից ներգաղթյալներ, կասկածվում են Իրանի օգտին լրտեսության մեջ․ այս մասին հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Երկու տարվա ընթացքում Իսրայելի քաղաքացիները մոտ 600 առաքելություն են իրականացրել իրանցի ծառայողների համար՝ տեղեկություն փոխանցելով իսրայելական ռազմավարական ռազմական օբյեկտների, մասնավորապես՝ Նևաթիմում և Ռամաթ Դավիդում տեղակայված ռազմաօդային ուժերի բազաների, ինչպես նաև «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի դիրքերի մասին: Հաղորդվում է, որ նշված վայրերը եղել են իրանական վերջին հրթիռային հարձակման թիրախը:
Նրանց ծառայությունների դիմաց վճարումը կազմել է հարյուր հազարավոր իսրայելական շեքել՝ որը մասամբ վճարվել է կանխիկ եղանակով, մասամբ՝ կրիպտոարժույթով։ Հետաքննության տվյալներով՝ կասկածյալները գաղտնագրված կապուղիներով տվյալներ են փոխանցել և մանրամասն հրահանգներ ստացել, թե որ օբյեկտները պետք է նկարահանեն և որքան պետք է վճարեն դրա համար։
Նրանցից ոմանք ձերբակալվել են հանցանքի վայրումն՝ Իսրայելի հարավում տեղակայված ռազմական օբյեկտները նկարահանելիս: Իրանի հետ համակարգումը տեղի է ունեցել Ալհասան անունով թուրք միջնորդի միջոցով, որն, ըստ իշխանությունների, առնչվում է տարածաշրջանի այլ լրտեսական ցանցերին:
Մեղադրյալները յոթն են, որից երկուսը՝ անչափահաս։