Ստամբուլում կայացած հանդիպումը միտված էր Արցախի հումանիտար կարիքները լուծելուն․ ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական
ծառայության հարցմանը հաստատել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ օրեր
առաջ նախքան Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ, ԵՄ ու ՌԴ բարձարստիճան
դիվանագետները հանդիպել են Թուրքիայում:
«Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը միտված էր լուծելու
Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրատապ կարիքների հարցը: Միացյալ Նահանգները շարունակում
է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում և հանձնառու է կողմերին օգնելու Հարավային
Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Politico» թերթը,
վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին ու պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրամիության,
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, գաղտնի բանակցություններ են վարել սեպտեմբերի
17-ին Ստամբուլում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր սրացումից երկու օր առաջ։ Ըստ հրապարակման՝
ԱՄՆ-ը ներկայացրել է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ
խորհրդական Լուիս Բոնոն, ԵՄ-ը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ
հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների
կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։
Ավելի վաղ այս հանդիպման մասին տեղեկությունը հաստատել էր նաև ռուսական
կողմը։