Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԵՄ դեսպանին Եվրախորհրդարանի բանաձևի պատճառով
Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական կողմը Միխալկոյին բողոքի նոտա է հանձնել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված հակաադրբեջանական բանաձևի կապակցությամբ, որը Բաքուն որակում է որպես «անհիմն ու կողմնակալ»։
Բանաձևում եվրոպացի պատգամավորները վերահաստատել են իրենց պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձևում արցախահայերի բռնի տեղահանումն ուղղակիորեն որակվել է էթնիկ զտում:
Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձևն ընդունել է 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։
Ընդունված բանաձևով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում և արտերկրում։
Ընդգծելով, որ այս ճնշումները հատկապես ուժեղացել են COP 29-ին ընդառաջ՝ ԵԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել կամայականորեն բանտարկված ու կալանավորված բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել բոլոր տեսակի հետապնդումներն ու բռնաճնշումները։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում երկրի ներսում ստեղծված վախի մթնոլորտի վերաբերյալ, որը միտված է քաղաքացիական հասարակությանը լռեցնելուն։