23 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն առաջարկել է փաստահավաք նոր այց կազմակերպել Արցախ

ՄԱԿ մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն առաջարկել է փաստահավաք նոր այց կազմակերպել Արցախ

Հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Մհեր Մարգարյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի
հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu) հետ՝
ներկայացնելու Արցախի ժողովրդի հանդեպ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը և քննարկելու
ստեղծված իրավիճակին արձագանքելու ուղղությամբ ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվող գործողությունները:

 Անդրադարձ կատարելով Հատուկ խորհրդականի սեպտեմբերի
22-ի հայտարարությանը, որում վերջինս ահազանգել էր ռազմական գործողությունների արդյունքում
քաղաքացիական բնակչությանը սպառնացող ոճրագործությունների, ներառյալ ցեղասպանության
վտանգների մասին, ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՄԱԿ
մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել` կարևորելով այս հարցում
Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի առավել ակտիվ
ներգրավումը։

 ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից մասնավորապես
շեշտվել է, որ արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղ այցելած՝ Ադրբեջանում ՄԱԿ գրասենյակի
համակարգմամբ առաքելության կողմից իրավիճակի խեղաթյուրված նկարագրությունը ադրբեջանական
կողմից կիրառվում է էթնիկ զտումը կոծկելու և դրանում ՄԱԿ-ի դերը շահագործելու նպատակով:
Կոչ է արվել ՄԱԿ մարմինների հետ համատեղ փաստահավաք այց կատարել՝ Լեռնային Ղարաբաղից
բռնի տեղահանվածների հանդեպ Ադրբեջանի իրականացված ոճրագործությունները փաստագրելու
և ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու համար:

 ԳՔ Հատուկ խորհրդականը վերահաստատել է իր
պատրաստակամությունը համապատասխան ջանքեր գործադրելու և ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողություններին
ներգրավելու ուղղությամբ: