Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է անցկացնում ընդդիմության առաջնորդների հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի նստավայրում հանդիպում է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ. հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացալեզու ծառայությունը։
«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան հանդիպումը շատ կարևոր է որակել, հավելել, որ շարունակվում են ինտենսիվ խորհրդակցությունները։
«Հուսով եմ, որ լիակատար միասնություն կլինի արևմտամետ ընդդիմադիր ճակատում», – ասել է նա:
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն նախագահի հետ հանդիպումից հետո ասել է, որ կողմերը մտքեր են փոխանակել, և գլխավորն այն է, որ հիմնական հարցերի շուրջ կա համաձայնություն։
«Ժողովուրդը հաղթեց այս ընտրություններում։ Ելնելով դրանից՝ մեր դիրքերն ամուր են»,- ասել է Գիորգի Վաշաձեն՝ նշելով, որ առաջիկա հստակ քայլերի մասին հանրությանը կտեղեկացվի։
Ընդդիմադիր քաղաքական առաջնորդների հետ հանդիպումներից հետո Սալոմե Զուրաբիշվիլին կշարունակի հանդիպումները ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Օրվա վերջում նախատեսված է նաև նրա մամուլի ասուլիսը։