Իրանն ավելացնում է ռազմական բյուջեն 200 տոկոսով
Իրանի կառավարությունը իրանական օրացույցով 1404 թվականի` հաջորդ տարվա բյուջեի նոր նախագծում ( 2025 թվական) նախատեսել է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը։ Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
«Բյուջեի նախագծում, որը պետք է ծածկի երկրի բոլոր ծախսերը, աշխատանք է տարվել նաև պաշտպանական կարիքների բավարարման ուղղությամբ։ Այս առումով մենք ականատես եղանք ռազմական բյուջեի զգալի աճին` 200%-ով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մոհաջերանին:
Մոհաջերանին նշել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի հաջող գործողությունները հոկտեմբերի 26-ին Իսրայելի կողմից երկրի ռազմական օբյեկտներին հարվածելու ժամանակ և ընդգծել, որ պաշտպանական հզորությունը պահպանելու համար անհրաժեշտ է բավարարել պաշտպանական արդյունաբերության կարիքները։