
Եթե ռուսական կողմը խնդիր ունի օրվա իշխանության հետ, ապա դրա հետևանքով չպետք է տուժի հայ ժողովուրդը․ Տիգրան Աբրահամյան
Ռուսական կողմը հայտարարություններ հնչեցնելիս կամ գործողություններ
իրականացնելիս պետք է հստակ գիտակցի, որ եթե ինքը խնդիր ունի օրվա իշխանության կամ
ինչպես իրենք են ասում` «ժամանակավոր վարչակազմի» հետ, ապա չպետք է գնան այնպիսի քայլերի,
որի հետևանքով հայ ժողովուրդը տուժի․ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Արցախի գործող, նախկին տարբեր պաշտոնյաների ձերբակալությունների
և Բաքու տեղափոխելու մասին տեղեկությանը զուգահեռ արտաքին աշխարհը հիմնականում արձագանքում
է հումանիտար օգնության կամ խաղաղության կեղծ կոչերի տրամաբանության ներքո: ԱՄՆ պետդեպարտամենտը,
որն ամիսներ առաջ անտեսում էր Ալիևի` ուժի կիրառման սպառնալիքները և խրախուսական կոչեր
անում Արցախում «համաներում» տալու ադրբեջանական խոստումներին, հիմա ոչ մի ձայն չի
հանում»,-գրել է նա և հավելել, որ նույնիսկ Կարմիր Խաչը Բաքվում չի այցելել ձերբակալված/կալանավորված
արցախցիներին` հասկանալու, թե նրանք ինչ վիճակում են` մարդասիրական իրավունքի նվազագույն
տարրերը պաշտպանելու համար:
«Ձեր «ռազբիռատները» փաշինյանական իշխանության հետ արեք` դուք
էիք նրանց ձեր գործընկերն ու բարեկամը համարում և ներկայիս ծանր վիճակը մնացածի վրա
մի տարածեք»,-նշել է նա։
Աբրահամյանի խոսքով՝ ՌԴ-ն
պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի
ուղղությամբ, որովհետև դրա հնարավորությունն ունի և խաղատախտակին նաև նրանց հեղինակության
հարցն է դրված` ադրբեջանական լկտիությունները վկա: