Վրաստանն արգելափակում է Հայաստանի սպառազինությունը. «սրա մեջ տրամաբանություն կա»
Սոցցանցերի հայկական հատվածում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Վրաստանը թույլ չի տալիս ֆրանսիական CAESAR համակարգերի խմբաքանակին մուտք գործել Հայաստան, և բոլոր զենքերը մնում են Փոթի նավահանգստում։ Իրավիճակը բացատրել է վրացի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան։
Նրա գնահատմամբ՝ այս տեղեկությունը կարելի է իրական համարել։ Վրաստանն իսկապես կարող է արգելափակել արտասահմանյան տեխնոլոգիաների ներմուծումը տարածաշրջան, այդ թվում՝ CAESAR-ը Հայաստան, և դրա համար կան տրամաբանական պատճառներ։
«Վրաստանի ներկայիս իշխանությունները հավատարիմ են, այսպես կոչված, չեզոք քաղաքականությանը։ Թեև Վրաստանը, ֆորմալ առումով, ավելի վաղ հայտարարել էր Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր ցանկության մասին, դե ֆակտո, հատկապես այս ընտրություններից հետո, կառավարությունը դրսևորել է եվրասիամետ արտաքին քաղաքական ուղղվածություն։ Կարծում եմ, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների բավականին հաճախակի այցելություններն Ադրբեջան վկայում են ներտարածաշրջանային կապերի զարգացման մասին։ Ես նույնիսկ կասեի, որ դաշինքը տեսանելի է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համատեքստում»,- նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ մյուս կողմից՝ Վրաստանը ցանկանում է դառնալ մոդերատոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, և այս համատեքստում Թբիլիսին կողմերից մեկի համար սպառազինություն մատակարարող չի կարող լինել։