Կրկնում ենք ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու կոչը․ Միլլեր
ԱՄՆ-ն լուրջ է վերաբերում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ
այլ վայրագությունների վերաբերյալ մեղադրանքներին և կապի մեջ է տեղում իրավիճակը գնահատելու
համար․ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք չենք խուսափի համապատասխան գործողություններ
ձեռնարկելուց՝ արձագանքելու վայրագությունների մասին մեղադրանքներին և պատասխանատվության
ենթարկելու տեղի ունեցածի պատասխանատուներին, սակայն դատավճռի կայացումը պահանջում
է ապացույցների վրա հիմնված մանրակրկիտ գործընթաց»,-ասել է Միլլերը։
Նա նշել է, որ հարյուր հազար էթնիկ հայեր Արցախից մեկնել են Հայաստան։
«Ոչ ոք չի կարող ասել, թե նրանց քանի տոկոսն է պատրաստվում մնալ
Հայաստանում և քանի տոկոսը կվերադառնա բավարար պայմանների առկայության դեպքում: Այդ
է պատճառը, որ մենք կրկնում ենք անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու
մեր կոչը, որը թափանցիկություն և վստահություն կհաղորդի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը,
կպաշտպանի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը, հատկապես նրանց համար, ովքեր
ցանկանում են վերադառնալ: Մենք կարծում ենք, որ այնտեղ պետք է լինի միջազգային դիտորդական
առաքելություն՝ դիտարկելու և երաշխավորելու Ադրբեջանի կողմից տրված երաշխիքները»,-ասել
է նա։
Միլլերը նշել է, որ ողջունում են այդ առաքելությունը և շարունակում
են աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ երկարաժամկետ առաքելության ստեղծման ուղղությամբ:
Հարցին, թե արդյոք հնարավոր է խաղաղության պայմանագրի հասնել։
Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից
դուրս կան նաև այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև և կոչ են անում
վերադառնալ խաղաղ բանակցություններին՝ քննարկելու և ի վերջո հանգուցալուծելու այդ հարցերը: