26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կարող է Ուկրաինային ստիպել 20 տարով հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց և սառեցնել պատերազմն առաջնագծում․ WSJ

Թրամփը կարող է Ուկրաինային ստիպել 20 տարով հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց և սառեցնել պատերազմն առաջնագծում․ WSJ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել սառեցնել ռազմական հակամարտությունը Ռուսաստանի հետ՝ առանց տարածքներ վերադարձնելու։ Սակայն Ուկրաինան առնվազն 20 տարով պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց, հայտնել են The Wall Street Journal-ին (WSJ) իրազեկ աղբյուրները:

Նրանց խոսքով՝ Թրամփի խորհրդականները ներկայումս քննարկում են պատերազմի ավարտի նման սցենարը։ Ենթադրվում է, որ ռազմական գործողությունների սառեցումից հետո առաջնագծի ողջ երկայնքով ապառազմականացված գոտի կհայտարարվի։ Սակայն, թե ո՞վ կապահովի նրա անվտանգությունը, դեռ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ, WSJ-ի զրուցակիցներից մեկը բացառել է, որ դրանում ներգրավված կլինեն ամերիկյան զորքերը կամ ՄԱԿ-ի կոնտինգենտը։

Իր հերթին, առաջիկա 20 տարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու համար Թրամփը խոստանալու է շարունակել Ուկրաինային զենք մատակարարել։ «Մենք կարող ենք պատրաստել զինվորականներին և այլ աջակցություն ցուցաբերել, բայց մենք ամերիկացի տղամարդկանց և կանանց չենք ուղարկում Ուկրաինա խաղաղություն պահպանելու համար։ Եվ մենք դրա համար չենք վճարում: Խնդրեք լեհերին, գերմանացիներին, բրիտանացիներին և ֆրանսիացիներին դա անել»,- նշել է Թրամփի թիմի անդամներից մեկը:

Միաժամանակ WSJ-ի զրուցակիցներն ընդգծել են, որ Թրամփը դեռ չի հաստատել Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու կոնկրետ ծրագիր։ Հանրապետականի ազգային անվտանգության նախկին օգնականը նշել է, որ Թրամփը որոշում կկայացնի անձամբ և ամենավերջին պահին, ուստի՝ ոչ ոք չի կարող նախապես ասել, թե նախագահն ի՞նչ կորոշի։

Այնուամենայնիվ, WSJ-ն նշել է, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կառաջարկի գործարք, որով Ռուսաստանը կպահի ուկրաինական տարածքները, ապառազմականացված գոտի կստեղծվի ներկայիս ճակատային գծի երկայնքով, և ուկրաինական զորքերը կուժեղացվեն Ռուսաստանի հետ հակամարտության կրկնման դեպքում։ Մոսկվան, իր հերթին, երաշխիքներ կստանա, որ Ուկրաինան չի միանա ռազմական դաշինքներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին։

WSJ-ն ակնկալում է, որ տարբեր տեսակետներ ունեցող տարբեր խմբակցություններ կպայքարեն Թրամփի արտաքին քաղաքականության վրա ազդեցության համար նրա երկրորդ ժամկետի ընթացքում: Այսպիսով, նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հավակնում է պաշտպանության նախարարի պաշտոնին, կարող է պնդել այնպիսի կարգավորում, որը նման չի լինի Ռուսաստանի հաղթանակին։ Բայց Ռիչարդ Գրենելը, ով համարվում է պետքարտուղարի կամ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի գլխավոր հավակնորդը, կարող է համաձայնել Ուկրաինայի տարածքային զգալի զիջումների՝ պատերազմը հնարավորինս արագ ավարտելու համար։