Եվրոպան հավաքվում է Օրբանի մոտ՝ քննարկելու Թրամփին, Ուկրաինան և Վրաստանը․ Deutsche Welle
47 եվրոպական երկրների ղեկավարներ և ԵՄ ղեկավարությունը կքննարկեն օգնությունն Ուկրաինային, ընտրությունները Վրաստանում, հարաբերությունները ԱՄՆ-ի հետ Թրամփի հաղթանակից հետո նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովում, հայտնել է Deutsche Welle-ն։ Գագաթնաժողովին հրավիրված են նաև Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը։ Բուդապեշտում հյուրերին ընդունելու է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որին Բրյուսելում կայացած նախնական ճեպազրույցում լրագրողները դիվանագիտորեն անվանել են գագաթնաժողովի «անկանխատեսելի հյուրընկալող»։
Գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ ընտրություններում հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որի համար Եվրամիության և մասնակից երկրների ղեկավարները շնորհավորել են նրան՝ կոչ անելով շարունակել սերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և պատմական գործընկերության վրա։ Բրյուսելի դիվանագիտական շրջանակներում Թրամփի հաղթանակն ընդունել են հանգիստ և առանց անակնկալի։
«Եվրամիության անդամները պատրաստ էին այս նորությանը», – DW-ին անանունության պայմանով, հայտնել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ հավելելով, որ ԵՄ-ն «այլևս Միացյալ Նահանգների թույլ փոքր քույրը չէ» և պատրաստ է ինքնուրույն հաղթահարել մարտահրավերները և պաշտպանել իր արժեքները։
Իր հերթին, բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում կայացած ճեպազրույցում, շեշտել է, որ գլխավորը «հանգիստ մնալն ու կենտրոնանալն է այն ամենի վրա, ինչ մեզ սպասվում է»։
«Մենք այլևս 2020-ինը կամ 2016-ինը չենք. մենք ավելի վստահ ենք ինքներս մեզ վրա և ավելի հստակ գիծ ունենք մեր օրակարգի հետ կապված։ Այժմ մենք գիտենք, թե ի՞նչ կարելի է ակնկալել։ Մենք պետք է ճանապարհ գտնենք շարունակելու համագործակցությունը (ԱՄՆ-ի հետ) և «խուճապի մի մատնվեք», – նշել է պաշտոնյան՝ մատնանշելով, որ եկել է ժամանակը, որ ԵՄ-ը նայի ոչ թե Վաշինգտոնին, այլ՝ ինքն իրեն:
Ինչ վերաբերում է ՈՒկրաինայում պատերազմին, ապա Կիևին տրամադրվող աջակցության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Եվրամիությունն է, երրորդում՝ Գերմանիան։ Եթե Թրամփը որոշի այլևս չօգնել Ուկրաինային, ապա «ԵՄ գիծը կմնա նույնը՝ աջակցել Ուկրաինային»։ Աղբյուրը չի բացառել, որ այս ֆոնին՝ ԵՄ-ը կարող է ավելացնել Կիևին տրամադրվող օգնությունը։ «Բայց արդյո՞ք ԵՄ բոլոր 27 անդամները կշարունակեն այս գիծը, այլ հարց է», – նշել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
Նա հիշեցրել է, որ ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ԵՄ-ին հաջողվել է պահպանել միասնությունը Ուկրաինային աջակցելու հարցում, սակայն դաշինքում չկա լիակատար միաձայնություն։ Հենց հյուրընկալող Հունգարիան է, որն արգելափակում է Կիևին օգնության վերաբերյալ ԵՄ որոշումները և հանդես է գալիս միակողմանի նախաձեռնություններով, որոնք համաձայնեցված չեն Բրյուսելի հետ։ Բացի այդ՝ Հունգարիայի վարչապետն ակտիվորեն աջակցում է Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որի գործողությունները ԵՄ թեկնածու երկրին հանգեցրել են եվրաինտեգրման գործընթացի դե ֆակտո սառեցմանը։ Միևնույն ժամանակ, Եվրամիությունը դեռևս միասնական դիրքորոշում չունի հոկտեմբերի ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի օրինականության վերաբերյալ։