26 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրասիայի երկրները  պետք է համատեղ պատասխանատվություն կրեն հակամարտությունների կարգավորման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն․ Լավրով

Եվրասիայի երկրները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն հակամարտությունների կարգավորման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն․ Լավրով

Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնում է իր ներկայությունը և ձգտում է իր գերիշխանությունը հաստատել ողջ եվրասիական տարածքում, նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի նիստում։

Լավրովը հայտարարել է նաև՝  ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած եվրասիական անվտանգության հայեցակարգի հիմքում է ընկած այդ  տրամաբանությունը՝ տարածաշրջանային խնդիրներին պետք է լուծում տան տարածաշրջանային  երկրները։

«Այսինքն՝ հենց տարածաշրջանի երկրները,  տվյալ դեպքում՝ Եվրասիայի երկրները  պետք է համատեղ պատասխանատվություն կրեն հակամարտությունների կարգավորման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն։ Սա առավել կարևորվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը, ընտրելով   ՆԱՏՕ-ակենտրոն քաղաքականություն, ըստ էության, խաչ է քաշել ձեռք բերված պայմանավորվածությունների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, երբ ամենաբարձր մակարդակով և կոնսենսուսի հիման վրա բազմիցս հռչակվել է  անվտանգության անբաժանելիության սկզբունքի մասին, հայտարարվել է, որ ԵԱՀԿ պատասխանատվության տարածաշրջանում ոչ մի կազմակերպություն չի հավակնելու գերիշխող դերի։ Բայց այս ամենը ոտնահարվել է։ Իսկ ՌԴ նախագահի   նախաձեռնությունը անվտանգության նկատմամբ այլ մոտեցման մասին է, այն «իրավահավասար» անվտանգության մասին է, անվտանգության, որը կապահովվի՝ առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության»,- հայտարարել է Լավրովը։