25 Դեկ
2024
5.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուժեղ կինը քեզ իմպուլսներ է տալիս` շատ ավելի տղամարդ լինելու. Հայկ Սայադյան

Ուժեղ կինը քեզ իմպուլսներ է տալիս` շատ ավելի տղամարդ լինելու. Հայկ Սայադյան

ABC ինտերվյուի հյուրն այս անգամ նկարիչ, ռեժիսոր, անիմացիոն ֆիլմերի հեղինակ Հայկ Սայադյան է: Նա վստահ է, որ հայը համակարգ է և այդ փաստն ամենևին էլ չափազանցություն չէ։ Նկարչի կարծիքով` մեր մշակույթը ամուր հենք է, որի վրա կարելի է կառուցել ապագա իրական Հայաստանը, սակայն կա մի լուրջ խնդիր՝ մեր բազմադարյա մշակույթը նախ պետք ճանաչելի դարձնել մեր սեփական բնակչության համար։

-Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ հարցրեցին ո՞վ է Հայկ Սայադյանը,  ասացիր՝ հայ, հայ, հայ… Իսկ ի՞նչ ասել է քեզ համար հայ։

-Դա չափազանց լայն հասկացություն է։ Ես նույնիսկ մտածում եմ, որ հայը ազգություն չի՝ հայը համակարգ է։ Հայը համակարգային երևույթ է, և դա ամբողջ աշխարհի համար է համակարգ։ Տարբեր ոլորտներում հավասարակշռություններ պահպանող, ինչ-որ տեղ նորամուծություններ անող, սրբագրումներ անող համակարգ է։ Հիմա եթե կոնկրետ պատմական դեպքերի կամ անհատների անդրադառնանք, ասածներս ավելի կհիմնավորվեն, բայց այսպես մի քանի նախադասությամբ դա դժվար է տալ։

-Իսկ դա մի տեսակ մեծամիտ չի՞ հնչում։

-Երբեմն, երբ ասում եմ հայն ամբողջ աշխարհի համար է համակարգ, ինձ ասում են՝ միգուցե անհամե՞ստ եք։ Ասողներն էլ այն մարդիկ են, որոնք շատ ավելի լավ են տիրապետում հենց այդ նույն ինֆորմացիային։ Նրանք դա ասում են մեր մեջ թերարժեքության բարդույթ սերմանելու համար։

-Իսկ ինչպե՞ս կարող ենք այդ քո ասած համակարգը կամ իրական արժեքներն ավելի ճանաչելի դարձնել:

-Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե այսօրվա սերունդը ինչ արագ, ինտերակտիվ ընկալում ունի. եթե 10 վայրկյանից ավելի տեսանյութն իրեն չի գրավում, էլ չի նայում։ Մինչև որևէ գրավիչ կադրով չսկվի՝ էլի չի նայի։ Ուշադրություն դարձրեք՝ ինչպես ենք մենք մատուցում թեկուզ հենց պոեզիան։ Շրջում ես Եվրոպայի գրախանութներով, ինչու միայն Եվրոպայի՝ թեկուզ հենց Իրանի, և այնպիսի գրքեր ես տեսում, որոնք հենց միայն ձեռքում պահելը էսթետիկ հաճույք է պատճառում։ Մենք մեր մշակութային գանձերի ճիշտ փաթեթավորվան խնդիր ունենք։ Դրա մասին միշտ եմ խոսել։

-Ինչի՞ համար են ժամանակները հերոսներ ծնում և ովքե՞ր են քո հերոսները:

-Ինձ համար հերոսներ են Արցախյան բոլոր ազատամարտերի տղաները, ինձ համար հերոսներ են Անդրանիկը, Նժդեհը, Արաբոն․․․Ինձ համար իրենք են հերոսները, բայց եկեք պատանիների հետ խոսենք, ովքե՞ր են իրենց հերոսները։ Ինչու՞ այս հերոսները իրենց համար գրավիչ չեն, գուցե իրենց մասին պատմող դասագրքե՞րը գրավիչ չեն. մի նկար է և մի կարճ նկարագրություն։ Առհասարակ մեր պատմության համար իրոք նշանակալից դեպքերի, անցքերի նկատմամբ ուրիշ մոտեցում է պետք: Դրանց վրա մենք այնքան ոսկերչական մանրակրկտությամբ պետք է աշխատենք և պատասխանատվությամբ մոտենանք, որ չդառնան պարզապես դասագրքային նյութ։ Մանավանդ այն, ինչ դասագրքերում է, մատաղ սերնդի մոտ հակազդեցության բնազդ է առաջացնում։

-Իսկ Հայոց պատմության ո՞ր դրվագն է քեզ ավելի շատ գրավում, և որին դու կուզեիր անդրադառնալ։

-Սարդարապատ, Բաշ-Ապարան՝ դրանք ամենաֆանտաստիկ դրվագներն են, որնց մասին կարելի է անվերջ նույնիսկ սերիալներ նկարել և նկարել շատ գրավիչ կերպարներով. Ովքե՞ր են նրանք, և այդ բարդ պայմաններում ինչպես են արել այն, ինչ-որ արել են։

-Քո կարծիքով բավարար քանակով ջանք գործադրու՞մ ենք մեր մշակույթը թշնամուց պահելու համար:

-Մեր աչքի առաջ՝ մեր օրերում, ֆիքսված տեսախցիկների առկայությամբ, Ջուղայի մի քանի հազար խաչքարերը փշրեցին, լցրեցին Արաքս գետը։ Աստեղ-այնտեղ բարձրաձայնեցինք, մտավորականները խոսեցին, արվեստագետները խոսեցին, բայց ու՞ր հասավ այդ խոսքը, ո՞ր դիվանագիտությունը դրանով զբաղվեց։ Մանավանդ, որ կային կոնկրետ փաստեր, վիդեոգրաֆիա կար։ Հենց այդ ժամանակ էր Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Է դուք լինեիք իրենց տեղը, մի՞ թե իրենց մշակութային ժառանգությունը ավելի շատ հիմքեր էր տալիս։

-Իրենց հավակնությունների մասին թշնամին անընդհատ է բարձրաձայնում, բայց մենք նույնիսկ պատասխան չենք տալիս:

-Մենք չպետք է մտածեինք պատասխաններ տալու մասին: Մենք պետք է 30 տարի աշխատեինք հիմքեր ստեղծելու վրա, հիմնավոր այնպիսի արժեքներ ստեղծեինք, որ եղած արժեքներն ավելի ամրապնդեինք, ու այսօր կարիք չունենայինք ինչ-որ մեկին պատասխան տալու և ծիծաղելի վեճերի մեջ մտնելու, արդյոք սա հայկակա՞ն է, թե՞ աղվանական։ Դրա մասին առհասարական չպետք է խոսեինք էլ, դա քննարկելու կարիք էր չէր լինի, եթե ժամանակին ճիշտ գործեինք: 30 տարի մենք չշենացրեցինք մեր երկիրը, մեր ձեռք բերածը, մենք թանկարժեք ժամանակ կորցրեցինք։ Ինքնանպատակությունն ու աննպատակությունը մարդու համար ամենավտանգավոր բաներն են։ Վտանգավոր են, թե՛ իր, թե՛ շրջապատի համար։

-Բայց այս պահին հանձնվելն էլ  ելք չի։

-Հանձնվելու, ոչինչ չանելու մասին չի խոսքը։ Հիմա մենք պարզապես էլ սխալվելու տեղ չունենք։ Մենք մշակութային ժառանգությունը պահպանելու, շենացնելու փոխարեն ինքնանպատակ ենթամշակույթներ ենք ստեղծել, եթե մշակույթի մասին է խոսքը։ Եկեք բացազատվենք, հասկանանք՝ ինչպիսի՞ կոմունիկացիաներ էին այնտեղ ստեղծված՝ 0։

Մենք այսպիսի մի հետաքրիր հատկություն էլ ունենք․ միշտ նորը կառուցելիս հինը քանդում ենք: Հիմնովին քանդում ենք՝ հետո նորն ենք կառուցում։ Դա նույնիսկ ամենակենցաղային դրսևորումներում է նկատվում: Ես որպես նկարիչ չգիտեմ, որևէ նախաքրիստոնեական հայ նկարչի անուն։ Լինեի քանդակագործ՝ կասեի չգիտեմ քանդակագործի անուն։ Օրինակ՝ հույները Ֆիդիասին գիտեն։ Կարծես թե այդքան էլ վաղ ժամանակների մասին չի խոսքը․․․Հինը, եթե այն արժեքավոր է, կարելի է նոր փաթեթավորմամբ մատուցել:

– Որո՞նք են մեր բրենդները: Ինչո՞վ է օտարերկրացին ճանաչում Հայաստանը:

-Ազգային նպատակ, ազգային, գաղափարախոսություն, ազգային բրենդ․․․Ո՞րն է մեր ազգային բրենդը՝ ծիրանը, դուդուկը, թե՞ Արարատը։ Հարցրեք այդ մասին միջին վիճակագրական հային։ Ո՞վ է դրանց որակումը տվել, ինչու՞ չի տրվում։ Ինչու՞ չենք որոշում՝ ո՞րն է մեր ազգային բրենդը, որի հիմքում էլ հենց գաղափարախոսությունը կլինի։ Այսօր զբոսաշրջիկները Հայաստան այցելելիս օրինակ, որտեղի՞ց են հուշեր տանում Հայաստանի մասին՝ ճիշտ եք՝ վերնիսաժից: Իսկ ինչո՞վ է լցված վերնիսաժը՝ անճաշակ վերարտադրումներով։ Եվ դրանք որպես ազգային բրենդ արտահավում են Հայաստանից։

-Հա՛յկ, ուզում եմ մի փոքր էլ քո նկարած կերպարներից խոսենք: Քո նկարած «նրբուշկեքը» ուժե՞ղ կանայք են։

-«Նրբուշկա» լինելու համար բավական ուժ է պետք: Այդ կերպարներն իրական հիմքը չունեն, որևէ բնորդից չեմ նկարել, բայց որքան կյանքում իրական «նրբուշկեքի» եմ հանդիպել՝ բոլորն ուժեղ տեսակ են։

-Իսկ ի՞նչ ասել է կնոջ ուժեղ տեսակ:

-Կնոջ ուժեղ տեսակը, երբ դու կին ես մնում ցանկացած իրավիճակում։ Ուժեղ կինն այն կինը չի, ով հարցեր է լուծում, այլ այն կինն է, ով քեզ հիշել է տալիս, որ ինքը կին է բոլոր պարագաներում: Ուժեղ կինը քեզ իմպուլսներ է տալիս շատ ավելի տղամարդ լինելու…

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը