ՀՀ-ում բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի իշխանությունը, նվազել է, սակայն բռնությունը չի վերացել․ CPT-ի զեկույց
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած պարբերական այցի մասին զեկույցը։ Պատվիրակությունը ուսումնասիրել է ոստիկանության և զինվորականների կողմից ազատությունից զրկված անձանց կենսապայմանները մի քանի բանտերում, բանտերի կենտրոնական հիվանդանոցում և սոցիալական խնամքի տներում (ինտերնատներ):
Ինչ վերաբերում է ոստիկանությունում պահելու պայմաններին, պատվիրակության կողմից հարցված անձանցից շատերը նշել են, որ ոստիկանությունն իրենց հետ «ճիշտ» է վարվել։ Այնուամենայնիվ, պատվիրակությունը հավաքել է նաև որոշ մեղադրանքներ ոստիկանության կողմից վերջերս բերման ենթարկված անձանց նկատմամբ ֆիզիկական դաժան վերաբերմունքի մասին հատկապես հարցաքննության ժամանակ, ըստ հաղորդումների՝ ցուցմունք կորզելու կամ այլ տեղեկություններ ստանալու նպատակով:
Բանտերում CPT-ի պատվիրակությունը չի ստացել այցելած քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից ֆիզիկական վատ վերաբերմունքի մասին հայտարարություններ: Բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի իշխանությունը, ըստ երևույթին, նվազել է։ Այնուամենայնիվ, բանտարկյալների միջև բռնությունը դեռևս լիովին չի վերացվել հատկապես Նուբարաշեն և Արթիկ քրեակատարողական հիմնարկներում։ CPT -ն խորհուրդ է տվել վճռական քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու բանտարկյալների հիերարխիայի ոչ պաշտոնական ազդեցությանը:
Ինչ վերաբերում է բանտերում նյութական պայմաններին, ապա Աբովյանի բանտի շարունակական ամբողջական վերանորոգումը դրական է գնահատվել, մինչդեռ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում պայմանները հիմնականում շարունակում են մնալ շատ վատ, իսկ Արմավիրի և Արթիկի քրեակատարողական հիմնարկներում՝ լավագույն դեպքում՝ միջակ:
Կանանց գաղութների վերաբերյալ Հայաստանի իշխանություններին առաջարկվել է ապահովել, որ կանանց բանտերի կառավարման մեջ ներգրավված ողջ անձնակազմը վերապատրաստվի՝ կապված գենդերային հատուկ կարիքների և կին բանտարկյալների մարդու իրավունքների հետ։
Ավելին, CPT -ն խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին ավելացնել կին բանտարկյալների՝ ուղեկցող երեխաներով (ինչպես կալանավորված, այնպես էլ դատապարտված) բացօթյա պարապմունքների իրավունքը մինչև օրական առնվազն չորս ժամ համապատասխան խաղային և մարզական վայրերում՝ անհրաժեշտության դեպքում՝ փոփոխելով համապատասխան օրենսդրությունը:
CPT-ն առաջարկում է էապես մեծացնել Նորքի և Վարդենիսի տների բնակիչներին հասանելի նպատակաուղղված և բովանդակալից գործողությունների շրջանակը՝ ներառյալ համայնքին վերաինտեգրման նախապատրաստումը:
Զեկույցում կոչ է արվում Հայաստանի իշխանություններին շարունակել վճռական քայլեր ձեռնարկել քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիայի դեմ պայքարելու համար՝ կանխարգելման, կրթության և համապատասխան պատժամիջոցների կիրառման միջոցով։ Այս համատեքստում բանտի աշխատակիցները և բանտային համակարգի հետ աշխատող պաշտոնյաները պետք է շարունակեն ստանալ հստակ հաղորդագրություն, որ բանտարկյալներից առավելություններ ստանալը կամ պահանջելը անօրինական է և անընդունելի և պատշաճ կերպով կհետաքննվի և կպատժվի։