Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար:
«Ես ոգևորված եմ Ռոբերտ Քենեդի կրտսերին հայտարարելու որպես Միացյալ Նահանգների Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար:
Բոլոր ամերիկացիների անվտանգությունն ու առողջությունը ցանկացած վարչակազմի ամենակարևոր աշխատանքն է»,-այս մասին X-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը:
Քենեդի կրտսերը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ շեշտելով, որ հավատարիմ է Ամերիկան կրկին առողջ դարձնելու տեսլականին:
«Ես հանձնառու եմ առաջ մղել Ամերիկան կրկին առողջ դարձնելու ձեր տեսլականը: Մենք ունենք սերունդների հնարավորություն՝ համախմբելու գիտության, բժշկության, արդյունաբերության և կառավարության ամենամեծ մտքերը՝ վերջ դնելու քրոնիկ հիվանդությունների համաճարակին:Միասին մենք մաքրելու ենք կոռուպցիան: Իմ հանձնառությունն ամերիկյան ժողովրդին ազնիվ պետական ծառայող լինելն է»,- X-ի իր էջում գրել է Քենեդի կրտսերը: