Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին։
Առաջին խաղակեսի ընթացքում գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
71-րդ րոպեին հաշիվը հավասարվեց. լատվիացիների կազմից պատասխան գոլը խփեց փոխարինման դուրս եկած հունական «Կալիտեայի» հարձակվող Ռոբերտ Ուլդրիկիսը, որը դարպասը գրավեց կրնկով կատարած գեղեցիկ հարվածով։
Բաց թողած գոլից ընդամենը չորս րոպե անց Հայաստանի հավաքականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ։ Լուկաս Սելարայանի հարվածից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը, սակայն ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը կարողացավ գնդակն ուղարկել դատարկ դարպասը։
Այս խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը սեփական դաշտում 1-0 հաշվով պարտության մատնեց Ֆարերյան կղզիներին։
Հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում 7 միավորով գրավեց երկրորդ տեղը, նվաճեց Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր և կպայքարի B դիվիզիոն դուրս գալու համար։ Փլեյ-օֆֆում Հայաստանի մրցակիցը լինելու է B դիվիզիոնի խմբերում երրորդ տեղը գրաված հավաքականներից մեկը։ Մրցակիցը պարզ կդառնա նոյեմբերի 22-ին կայանալիք վիճակահանության ժամանակ։