Հակառակ ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք հուսալքվելու, պայքարը շարունակվելու է․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել
է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի
կալանավորմանը։
«Մեր պահանջն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու միջազգային
հանրությունն առանց հապաղելու գործադրեն իրավական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր
միջոցները՝ ապահովելու Արցախի բոլոր կալանավորյալների ազատ արձակումը։ Մենք էլ մեր
հերթին գործադրելու ենք առավելագույնս այս ուղղությամբ, ինչպես նաեւ աշխատելու՝ ապահովելու
միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, տարբեր երկրների պետական, քաղաքական
գործիչների եւ հեղինակավոր անհատների ճնշումն Ադրբեջանի վրա»,-նշել է նա։
Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ Արցախի ղեկավարներ և հայրենիքը
պաշտպանած ազատամարտիկներին կալանավորելն Ադրբեջանի հանցավոր գործելաոճն է, որը պետք
է կտրուկ հակազդեցության արժանանա։
«Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք ընկրկելու,
հուսալքվելու։ Պայքարը շարունակվելու է»,-նշել է նա։