22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլև մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով․ Վահե Հովհաննիսյան

Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլև մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանը պարտավոր է, նախքան որևէ պայմանագրի ստորագրման մասին
խոսելը, նախ խոսել այս բոլոր հարցերի մասին՝ պահանջելով բոլոր գերիների ազատ արձակումը,
հայ մարդկանց «առևանգման ցուցակների» վերացում, անցակետային ստուգման վերացում.  Ֆեյսբուքյան իր էջում գրել է «այլընտրանքային» խմբի
անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն
այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի հեղինակի հետ խոսել խաղաղության
մասին՝ առանց իրավիճակին համարժեք պայմաններ առաջ քաշելու։ Բաքվի բանտերում մինչ այս
պահը բազմաթիվ հայ գերիներ կան, որոնց թիվն ամեն օր ավելանում է անցակետի «շնորհիվ»։
Միջազգային հանրությունը, միջնորդ պետությունները պարտավոր են վերջապես իրենց «մեծի
պես» պահել. իրենց իներտությամբ, անտարբերությամբ գերտերությունները, միջազգային համայնքը
մեծապես նպաստել են այսօր Արցախում և նրա շուրջ տիրող իրավիճակի ձևավորմանը, և Հայաստանը
պետք է ձևակերպի նրանց կողմից մեզ ունեցած այդ պարտքը»,-գրել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ կա ավելի կարևոր հարց, առանց որը հաշվի առնելու
չի կարելի մտածել որևէ միջազգայնորեն հավաստված փաստաթղթի ստորագրման մասին։

«Արցախի հարցի շուրջ դիվանագիտությունը հիմա ոչ թե պետք է մարի,
այլ հակառակը՝ մտնի նոր փուլ, նոր տրամաբանություն ստանա։ Միայն թշնամուն և գուցե որոշ
արտաքին ուժերի է ձեռնտու Արցախի հարցը փակված համարել։ Հայաստանը, եթե ցանկանում է
մնալ կենսունակ որպես պետություն, անպայման պետք է ակտիվորեն աշխատի այդ ուղղությամբ։
Արցախն իր ամեն անկյունով, իր բոլոր մշակութային, պատմական, բնության հուշարձաններով
և մյուս արժեքներով շարունակում է պատկանել Արցախի ժողովրդին՝ անկախ այս պահին կատարվողից,
և Ադրբեջանն ամենևին չպիտի մարսի իր ձեռքի գործ հանդիսացող այս բռնի զանգվածային գաղթը։
Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլև մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով»,-նշել է
նա հավելելով՝  իշխանությունների շահերի պաշտպան
որոշ գործիչների ակնհայտ թշնամական, պրովոկատիվ տեքստերը և դրանցից անմիջապես հետո
Ռ. Վարդանյանի ձերբակալությունն ուղիղ կասկած են ստեղծում ՀՀ իշխանությունների և Բաքվի
ինչ-ինչ անհայտ շահերի համընկնման շուրջ, ինչով և պայմանավորված է հանրության ներսում
ուղղորդված, կազմակերպված քարոզչական արշավը։