Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել Հայաստանի սահմանին դիրքերը նկարահանելու համար
Ադրբեջանի Առողջապահության նախարարության «Հանրային առողջության և բարեփոխումների կենտրոն» հանրային իրավունքի իրավաբանական անձի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը ձերբակալվել է։
Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 22-ին ԼՂ կատարած մեդիա շրջագայության ժամանակ Վերդիևը նկարահանել և սոցցանցերի իր հաշվում հրապարակել է տեղեկություններ և պատկերներ ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի, դրանց տեղակայումների, կոորդինատների վերաբերյալ՝ «դրանով իսկ պետական անվտանգության և պաշտպանունակության շահերին հասցնելով էական վնաս»։
Վերդիևին մեղադրանք է առաջադրվել 284.1-րդ (պետական գաղտնիքի տարածում) և 308.2-րդ (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հոդվածներով: Բինագադիի շրջանային դատարանի որոշմամբ Վերդիևը ձերբակալվել է։