«Մեմեր և բարոյականություն». հատվածներ AxelMondrian ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանի ելույթից (ֆոտոշարք)
Մեր օրերում, երբ հումորը մարքեթինգային բովանդակությունում լայն տարածում է երաշխավորում, ե՞րբ է «խնդալու» և ե՞րբ է «լացելու» պահը: Արդյոք բրենդները դադարում են էթիկական լինել` վիրուսային տարածվածության ու փառքի համար արշավներում: Ցինիզմը մեմերի մշակույթում թուլացնո՞ւմ, թե՞ ուժեղացնում է արշավի հիմնական ասելիքը: Ի վերջո, ծիծաղո՞ւմ ենք հանդիսատեսի հետ, թե՞ հանդիսատեսի վրա, և այս ամենը ի՞նչ է մեզ հուշում բրենդինգի ապագայի մասին:
Reinvent by Renderforest 2024-ի շրջանակում «ԱքսելՄոնդրիան» (AxelMondrian) հեղինակության կառավարման ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը ելույթ է ունեցել մասնագիտական հանրույթի համար և ներկայացրել թեմայի շրջանակում հետաքրքրական տվյալներ: Ելույթից առանձնացրել ենք մի քանի փաստեր և թվեր` բովանդակության հանրային նշանակությունը հաշվի առնելով:
- Ըստ սպառողների ընկալումների` գլոբալ բրենդների 4%-ը հաստատագրված է որպես կատակասեր բրենդ (Jester) իր առաջնային արքետիպով: Ի հակառակ դիրքավորմանը, 32%-ը հումորը և մեմերը ներառում է պաշտոնական բրենդային հաղորդակցության մեջ, որպես հետևանք ստեղծելով ավելի շատ թրենդ և սեզոնայնություն ու ավելի քիչ ռազմավարական հաղորդակցություն` բրենդների շուկայական արժեքի համատարած նվազեցմամբ:
- Սոցիալական ցանցերի չափահաս օգտատերերի 74%-ը կիսում են մեմերը ծիծաղելու համար: 34%-ն օգտագործում են մեմերը որպես արտահայտչամիջոց կամ մեկնաբանելու ձև: 35%-ը օգտագործում է մեմը որպես ակնարկելու տարբերակ, և 28%-ը` երբ համապատասխան բառ չի գտնում: Վերջին հանգամանքը կարևոր է աննկատ չթողնել, քանի որ արտահայտչամիջոցների սակավացումը բերում է նաև մտածելու կարողությունը քիչ յուրացնող հավաքական վարքաբանության:
- «Վախը ծիծաղի առարկա լինելուց» և «Ծիծաղը որպես վախը հաղթահարելու միջոց» արձանագրված ամենատարածված միտիվներն են մեմերի մասշտաբայնության դարում: Կարելի է եզրակացնել, որ ավելի շատ վախեր ունեն չափահաս տղամարդիկ, քանի որ այս սեգմենտի 71%-ն է բարձր ինտենսիվությամբ մեմեր օգտագործում ի հակադրություն չափահաս կանանց 52%-ի, որոնք որոշակի պարբերականությամբ միմյանց մեմեր են ուղարկում կամ հրապարակում:
- Թեև Հորատիուս Ֆլակուսն է արձանագրել` ծիծաղը ճշմարտությունն ասելու ու դրա համար չպատժվելու լավագույն տարբերակն է, սակայն հասարակությունը, որտեղ ամեն բան ծիծաղի առարկա է դառնում, ոչ թե ճշմատության, այլ կազմաքանդող ցինիզմի մեջ է ապրում: Ցանկացած երևույթ անլրջացնելու հետևանքը անիմաստության ու դատարկության մասսայական դրսևորումներ են` դեպրեսիվ ու միայնակ մարդկանց ավելացմամբ: