29 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը 14 ամսում չեզոքացրել է «Հեզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկի

Իսրայելը 14 ամսում չեզոքացրել է «Հեզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկի

«Հեզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, հաղորդել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։

Մասնավորապես, հարվածներ են հասցրել 1,6 հազար հրամանատարական կետեր և հազար զենքի պահեստներ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։

ԻՊԲ-ում «Հեզբոլլահի» կորուստները գնահատում են նվազագույնը 2,5 հազար մարդ, առավելագույնը՝ մոտավորապես 3,5 հազար մարդ։ Զոհվածների թվում են «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան և խմբավորման բարձրագույն ղեկավարության 13 անդամներ: Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է տարբեր աստիճանի 136 հրամանատարների լիկվիդացման մասին:

Նշվել է, որ ԻՊԲ-ն առգրավել է 12 հազար պայթուցիկ և անօդաչու թռչող սարք, 13 հազար հրթիռ, հրթիռային կայաններ, հակատանկային և հակաօդային համակարգեր և 120 հազար կապի սարքավորումներ։

Իսրայելի բանակը և «Հեզբոլլահը» դադարեցրել են ռազմական գործողությունները նոյեմբերի 27-ին։ Կողմերը պայմանավորվել են, որ լիբանանյան բանակը կվերականգնի վերահսկողությունն Իսրայելի հետ սահմանակից տարածքների նկատմամբ, իսկ «Հեզբոլլահի» ուժերը կնահանջեն իսրայելա-լիբանանյան սահմանից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։

Միաժամանակ, իսրայելական զինվորականները զգուշացրել են, որ վտանգի առաջացման դեպքում՝ իրենց իրավունք են վերապահում կրակ բացել «Հեզբոլլահի» դիրքերի ուղղությամբ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է իսրայելական բանակին պատրաստվել «ինտենսիվ պատերազմի», եթե «Հեզբոլլահը» խախտի հրադադարը։