11 Հուն
2025
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրավապահ համակարգը պատժում է միայն ընդդիմադիրներին, իսկ ՔՊ-ի արարքները չտեսնելու է տալիս․ Թագուհի Թովմասյան

Իրավապահ համակարգը պատժում է միայն ընդդիմադիրներին, իսկ ՔՊ-ի արարքները չտեսնելու է տալիս․ Թագուհի Թովմասյան

Խորհրդարանական ճեպազրույցներում պատգամավոր Թագուհի Թովմասյանն
իր խոսքն սկսեց շատ խորհրդանշական կերպով։ Նախ ասաց, որ դեկտեմբերի 10֊ին նշվում է
մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հետո հավելեց, որ մոտ մեկ տարի
առաջ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների հետ դաժան վերաբերմունք դրսևորած
ոստիկանների գործը կարճվել է։ «Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների հանդեպ
անմարդկային վերաբերմունք ցույց տված ոստիկանների արարքներում պարզվում է հանցակազմ
չի նկատվել ու որևէ մեկը պատիժ չի կրել»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Ըստ նրա՝ իրավապահ համակարգը պատժում է բացառապես այն մարդկանց,
որոնք ընդդիմադիր կեցվածք են ընդունում, իսկ ՔՊ֊ի ու իշխանության մյուս ներկայացուցիչների
ակնհայտ ու բացահայտ հանցանքներն ու զանցանքները չտեսնելու են տալիս։

«Նույն Եռաբլուրում, երբ Հովիկ Աղազարյանը զոհվածի ծնողին հայհոյելուց
հետո ապտակ ստացավ, պատժվեց միայն զոհվածի ծնողը՝ կալանավորվեց»,- նշեց պատգամավորը։

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ անընդհատ ժողովրդավարությունից ու արդարադատությունից
խոսող Նիկոլ Փաշինյանը ամենահակաժողովրդավարական քայլերն է անում ու բառի բուն իմաստով
թքած ունի քաղաքացու քվեի վրա։ 

Նա օրինակ բերեց տեղական ինքնակառավարման մարմիններում ՔՊ֊ի կամայականություններն
ու իշխանազավթումները, որպես թարմ օրինակ էլ բերեց Ալավերդու դեպքերը, որոնց մենք անդրադարձել
ենք մեր թողարկումներում։

«Բայց մի քիչ էլ հետ գնանք, Վանաձորի, Բերդի, Վարդենիսի, Փարաքարի
Պռոշյանի դեպքերը։ Փաշինյանը պարզապես թքած ունի քաղաքացու քվեի վրա։ Վարդենիսում կալանավորեց
ավագանու անդամին ու միայն մանդատը վայր դնելուց հետո կալանքը հանեցին, Վանաձորի ընտրված
քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին մինչև հիմա կալանքի տակ են պահում, Բերդում ընտրվելուց
հետո կալանավորեցին։ Նույնն է սպասվում նաև Գորիսում ու Գյումրիում»,- նշեց Թագուհի
Թովմասյանը։ 

Պատգամավորն անդրադարձավ նաև լրագրողների հանդեպ դրսևորած վերաբերմունքին
ու շեշտեց, որ երբևէ լրագրողներին ԱԺ֊ում նման քամահրական կերպով չեն վերաբերվել։