ԵՄ-ում ծնելիությունը ռեկորդային ցածր մակարդակ է գրանցել
Եվրամիությունում ծնված երեխաների թիվը 2023 թվականին կազմել է 3 միլիոն 655 հազար, վկայում են Եվրոստատի եվրոպական վիճակագրական ծառայության տվյալները։ Այս ցուցանիշն ամենացածրն էր 1961 թվականի տվյալների հավաքագրման սկզբից ի վեր, նշել է բրիտանական Financial Times (FT) թերթը։
Ըստ տեղեկության՝ ավելի վաղ կանխատեսվում էր, որ 2023 թվականին ԵՄ-ում ծնելիության մակարդակը կլինի 4 միլիոն երեխայի մակարդակում։ Այնուամենայնիվ, այդ ցուցանիշն ավելի ցածր էր՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 5,5%-ով, ինչը ռեկորդային ամենախոշոր տարեկան անկումն է: Նշվել է, որ ԵՄ երկրներում ծնելիության գագաթնակետը գրանցվել է 1960-ականներին, երբ տարեկան ծնվում էր մոտ 7 միլիոն երեխա։ Թերթն ընդգծել է, որ Եվրոպայում ծնելիության ցածր մակարդակը կմեծացնի պետական բյուջեների բեռը, քանի որ աշխատունակ բնակչության թիվը նվազում է, իսկ առողջության և կենսաթոշակային ծախսերը՝ բարձրանում։
Ըստ Եվրոստատի տվյալների՝ երեխաների թվի նվազման միտումն առավել ցայտուն է մերձբալթյան երկրներում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Ֆինլանդիայում, որտեղ վերջին տասնամյակում ծնունդների թիվը նվազել է առնվազն մեկ քառորդով։