«Արցախցիները պետք է բուժվեն անվճար». Բուժաշխատողները ԱՆ-ին են ներկայացրել արցախահայերի բուժման ընթացակարգի վերաբերյալիրենց առաջարկ-պահանջները
ՀՀ առողջապահության նախարարության
դիմաց բուժաշխատողները սպիտակ խալաթներով բողոքի ակցիա են իրականացրել, որի ժամանակ
ընթերցվել է կոչ՝ ուղղված բոլոր բուժաշխատողներին՝ անտարբեր չլինել Արցախում տիրող
իրավիճակի նկատմամբ և մասնագիտական գործունեությամբ ցուցաբերել դիրքորոշում։
«Ստեղծել բուժաշխատողների գործունեության կամարտահայտության միասնական հարթակ և համատեղ
միջոցառումներ ձեռնարկել այս ողբերգական իրավիճակում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
սատար կանգնելու համար: Դիմում ենք ԱՆ-ին,
լսեք հայրենի պաշտոնյաներ, որպես առողջապահության
ոլորտի պետական քաղաքականություն մշակող և իրականացնող, այս վիճակում պարտավոր եք գործել
արտակարգ իրավիճակի ռեժիմով: Ունենք առաջարկ–պահանջ` Արցախից բռնի տեղահանվածներին
բուժօգնություն տրամադրելու համար Կոռնիձորում ստեղծել դաշտային ճամբարներ»,– ասված
է կոչում:
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային
տեղեկատվական շտեմարան։
«Գնահատել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության հետ կապված առողջապահական
բեռը, կազմակերպել խրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց, թերսնուցումով տառապող
երեխաների շարունակական բուժօգնությունը: Կազմակերպել Արցախից տեղահանված բուժաշխատողների
էլեկտրոնային հաշվագրում և սկսել նրանց աշխատատեղեր առաջարկելու գործընթացը»,-նշել
են բուժաշխատողները:
Բուժաշխատողներից մեկը իր խոսքում նշեց. «Արցախի տեղահանված քաղաքացիները բուժհաստատություններ
դիմելիս չպետք է ստանան «դուք այստեղ հաշվառված չեք», «համակարգը ձեզ ցույց չի տալիս»
կամ «պետպատվեր չունեք» պատասխանները։
ՀՀ կառավարությունը պետք է անգամ հանձնարարական տա առողջապահության նախարարությանը,
որպեսզի արցախցու անձնագիրը լինի միակ փաստաթուղթը, որի հիման վրա նրանք կարողանան
բուժօգնություն ստանալ։ Վերջիններս պետք է պատշաճ սպասարկվի հիվանդանոցներում կամ օգտվել
արտահիվանդանոցային ծառայությունից»: