Պուտինը փոխում է ռուբլու կանոնները՝ ռուսական գազի հոսքը դեպի ԵՄ պահպանելու համար․ Politico
«Գազպրոմբանկի» նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած անսպասելի պատժամիջոցները սպառնում են Մոսկվայի պայմանագրերին Հունգարիայի և Սլովակիայի հետ, գրել է Politico-ն։
Ռուսաստանը կթուլացնի սահմանափակումները օտարերկրյա պետությունների կողմից իր հանածո վառելիքի համար վճարելու ճանապարհին՝ առաջատար բանկի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառված նոր պատժամիջոցները շրջանցելու համար:
Վլադիմիր Պուտինը չեղյալ է համարել «Գազպրոմբանկի» միջոցով վճարելու պահանջները։ 2022 թվականից ի վեր՝ Ռուսաստանը եվրոպացի գնորդներից պահանջում է ռուբլով կարգավորել իրենց հաշիվները բանկի միջոցով՝ դոլարով և եվրոյով աշխատելու սահմանափակումները շրջանցելու համար:
Նոր կանոնների փոփոխությունը թույլ կտա ներկրողներին օգտվել այլ բանկերից կամ վճարել «ռուս մատակարարի կողմից օտարերկրյա գնորդի հետ համաձայնեցված այլ եղանակով»։
Մինչ Կրեմլը դադարեցրել է գազամատակարարումն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Չեխիան և Լեհաստանը, Հունգարիան և Սլովակիան շարունակում են մատակարարումներ ստանալ որպես պետական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության հետ երկարաժամկետ պայմանագրի մաս։
Բուդապեշտը, որը դեռևս իր բնական գազի մատակարարումների շուրջ երկու երրորդը ստանում է ՌԴ-ից, խնդրել է ԱՄՆ-ին բացառություն անել և թույլ տալ շարունակել բիզնեսը Գազպրոմբանկի միջոցով:
«Գազպրոմբանկը Եվրոպայի հետ նավթի և գազի համար վճարումների հիմնական ֆինանսական ալիքն էր։ Բանկի սև ցուցակում հայտնվելն արդեն իսկ պատճառ է դարձել, որ ռուսական ռուբլին անկում ապրի, և դա կազդի Հունգարիայի և Սլովակիայի հետ գազի վաճառքի վրա», – նշել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի պատժամիջոցների փորձագետ Մարիա Շագինան: