Հարավային Կորեայի նախագահին հնարավոր է թույլ չտան լքել երկիրը
Հարավային Կորեայի Հանրապետության հակակոռուպցիոն հետաքննության մարմինը նախատեսում է արգելել նախագահ Յուն Սեոկ Յոլին լքել երկիրը․ այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Երկրի ոստիկանությունն ու դատախազությունը հետաքննություն են սկսել նախագահի՝ ռազմական դրություն մտցնելու և այն վերացնելու գործընթացի կապակցությամբ:
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սեոկ Յոլը «հյուսիսկորեական կողմի տարրերի» և խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով գործադիր իշխանության կաթվածահարության դեմ պայքարելու համար ռազմական դրություն մտցրեց, որը հանվեց մոտավորապես վեց ժամ անց։ Դեկտեմբերի 4-ին ընդդիմությունը խորհրդարանում իմպիչմենթի գործընթաց սկսեց՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության հիմքեր չկային։