11 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ձերբակալված քաղաքացին փորձել է փախուստի դիմել զուգարանի պատուհանից, բայց ընկել է ու վնասվածքներ ստացել

ՌԴ ձերբակալված քաղաքացին փորձել է փախուստի դիմել զուգարանի պատուհանից, բայց ընկել է ու վնասվածքներ ստացել

2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ձերբակալված անձի և նույն քրեական
վարույթով տուժող, ՌԴ քաղաքացի Յու․ Մաքսիմովսկայայի միջև տեղի է ունեցել
առերես հարցաքննություն, որի ավարտից հետո՝ ժամը 21:30-ի սահմաններում, Յու. Մաքսիմովսկայան
խնդրել է գնալ զուգարան։ Վերջինիս քննիչը ուղեկցել է քննչական բաժնի աղջիկների համար
նախատեսված զուգարան և սպասել դռան դիմաց․ տեղեկացնում են ՔԿ-ից։

Մտնելով ներս՝ Յ. Մաքսիմովսկայան զուգարանում առկա փոքր պատուհանից
փորձել է դիմել փախուստի և ընկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու
վայրի զբոսանքի համար նախատեսված հատվածում առկա ցանցե տանիքին՝ ստանալով մարմնական
վնասվածք: Յու.Մաքսիմովսկայան տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Համաձայն բժշկական հաստատությունից ստացված տեղեկանքի՝ վերջինիս
մոտ ախտորոշվել է L2 և L3 ողերի մարմինների կոմպրեսիոն կոտրվածք:

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացին բլոգեր է և ձերբակալվել էր խուլիգանական
պահվածքի համար։ Նա մեկ այլ քաղաքացու հետ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից 23:00-ն
ընկած ժամանակահատվածում վնասել էր Երևանի Թումանյան 29 հասցեում գտնվող արագ սննդի
կետի գույքը, մրգեր նետել աշխատակցի վրա, թափել և տրորել Մաշտոցի 24 հասցեում գործող
ծաղկի խանութի ծաղիկները՝ ուղեկցելով այս գործողությունները անպարկեշտ բառապաշարով։