22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանին մեկուսացում չի սպառնում «լավ» հարևանների շնորհիվ. EADaily

Վրաստանին մեկուսացում չի սպառնում «լավ» հարևանների շնորհիվ. EADaily

Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների սառեցումից հետո Վրաստանը բախվել է ​​անկարգությունների: Ընդ որում՝ անկարգությունների կազմակերպիչներին, ովքեր նախկինում պարտվել են խորհրդարանական ընտրություններում, աջակցում է Արևմուտքը, որը ճնշում է գործադրում «Վրացական երազանքի» վրա, գրել է EADaily-ին:

Այս ֆոնին՝ հատկանշական է Վրաստանի հարևան և գործընկեր Ադրբեջանի դիրքորոշումը։ Ընտրությունների հաջորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

Պաշտոնական Բաքուն հասկացրել է, որ աջակցում է վրաց բնակչության կամքին, որը հրաժարվում է կուրորեն կատարել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկացած հրահանգ։

Բացի այդ՝ Վրաստանի վարչապետը Բաքվում անցկացված կլիմայական գլոբալ COP29 համաժողովի մասնակիցներից էր։ Նոյեմբերի 11-ին Կոբախիձեն և Ալիևը առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են ոչ միայն համաժողովին առնչվող հարցեր, այլև՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները։

«Վրացական երազանքի» վրա արևմտյան ճնշումների ֆոնին՝ կարևոր է նաև այն, որ Ալիևը Վրաստանի վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ադրբեջան, իսկ նա, իր հերթին, հրավիրել է Ադրբեջանի նախագահին այցելել Վրաստան։ Երկու հրավերներն էլ ընդունվել են։ Այսինքն՝ Վրաստանի ամենամոտ հարևանը չի պատրաստվում որևէ թշնամական քայլ ձեռնարկել այն պատճառով, որ «Վրացական երազանքը» հաղթել է խորհրդարանական ընտրություններում և սառեցրել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները։

Գրեթե մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 2-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նոր նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ: Նրանք քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները։ Բոչորիշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Վրաստանի «տարածքային ամբողջականությունը» ճանաչելու համար և հաստատել է Վրաստանի կողմից Ադրբեջանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը»։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ դա նշանակում է, որ Ադրբեջանը կշարունակի չճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ Վրաստանը կաջակցի իր հարևան գործընկերոջը Հայաստանի հետ հաշտություն կնքելու հարցում, որում պաշտոնական Երևանը դե յուրե կճանաչի Ղարաբաղի ադրբեջանական ինքնությունը։Այդուամենայնիվ առկա է մեկ պարադոքս կապված Վրաստանի ներկայիս քաղաքական գործընթացների հետ. արմատական ​​վրացի եվրատլանտիստները Էդուարդ Շևարդնաձեի և Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակների արժեքների ժառանգորդներն են, երբ զարգացել է նաև Թբիլիսիի և Բաքվի համագործակցությունը, սակայն Ադրբեջանի համար ներկայումս նախընտրելի է «Վրացական երազանքը», որը, ի տարբերություն արմատական ​​եվրատլանտիստների, չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ քաոսի մեջ գցել Անդրկովկասը:

Եվ քանի որ ԵՄ-ն շահագրգռված չէ ռուս-վրացական հարաբերություններում ստատուս քվոյի պահպանմամբ, վրացի արմատական ​​եվրատլանտիստները կարող են ձեռնարկել ցանկացած միջոց, որը սպառնում է տարածաշրջանին կործանարար հետևանքներով՝ պատժամիջոցների սահմանումից մինչև ռազմական գործողությունների վերսկսում:

«Եթե երկու հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնցից Վրաստանը տնտեսապես և էներգետիկորեն կախված է, ճանաչում են Կոբախիձեի իշխանությունը, ապա «Վրացական երազանքի» մեկուսացման մասին խոսելն ուղղակի անիմաստ է։ Եվ եթե հաշվի առնենք, որ Վրաստանի մեկ այլ հարևան՝ Հայաստանը, գտնվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո, ինչը գոհացնում է Ադրբեջանին և Թուրքիային, ապա «Վրացական երազանքը» հեշտությամբ կարող է եվրաինտեգրման ձևաչափին մասնակի փոխարինող գտնել, ի դեմս՝ տարածաշրջանային Թբիլիսի-Բաքու-Անկարա համագործակցության շրջանակներում՝ պաշտոնական Երևանի միանալու հեռանկարով», – նշվել է հոդվածում։