Ստեփանակերտ-Գորիս մայրուղում խցանումներ են, հնարավոր չէ ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխումը․ Տեղեկատվական շտաբ
Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները
կունենան այդ հնարավորությունը․ տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար
սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում
ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության
մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները:
Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական
կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու
ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների
պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում,
անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:
Դրան զուգահեռ՝ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ
են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն
ու բնականոն կենսագործունեությունը:
Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝
դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով:
Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման
համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել
կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության: