ԵՄ-ն լրացուցիչ միջոցներ կդիտարկի Վրաստանի նկատմամբ
Դեկտեմբերի 16-ին արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդում Եվրամիությունը կքննարկի «լրացուցիչ միջոցները»՝ ի պատասխան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, տեղեկացրել է Եվրահանձնաժողովը:
«Մոտ երկու շաբաթ վրաց ժողովուրդը պաշտպանում է իր ժողովրդավարական և եվրոպական նկրտումները՝ բախվելով ոստիկանության դաժան, անօրինական ուժին», — ասված է դեկտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը դատապարտում է «ճնշիչ գործողությունները ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ և պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»։
Եվրամիությունն իշխող «Վրացական երազանք»-ին կոչ է անում դադարեցնել «համատարած ահաբեկումները, քաղաքական հետապնդումները, ենթադրյալ խոշտանգումները և քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքը»։
«Մենք կոչ ենք անում «Վրացական երազանք»-ին մեղմացնել և վերջ տալ այս իրավիճակին, որը մեծ գին է վրաց ժողովրդի համար: Բռնությունը պատասխան չէ Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագայի վերաբերյալ ցուցարարների պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ: