Ռուսաստանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել չմեկնել ԱՄՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցիներին կոչ է անում զերծ մնալ մասնավոր և աշխատանքային ուղևորություններից դեպի Միացյալ Նահանգներ և նրա դաշնակից երկրներ՝ ԱՄՆ իշխանությունների կողմից կամայական կալանավորման վտանգի պատճառով։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պաշտոնական Վաշինգտոնի մեղքով փլուզման եզրին հայտնված ռուս-ամերիկյան հարաբերություններում աճող առճակատման համատեքստում մասնավոր կամ պաշտոնական պատճառներով Միացյալ Նահանգներ մեկնելը հղի է լուրջ վտանգներով», – Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Զախարովան նշել է, որ գերատեսչությունը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, սակայն առաջին անգամ է, որ այդ հարցի վերաբերյալ ուղղակի դիմում է հնչում ԱԳՆ-ից։