20 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաղաղության պայմանագիրը» խաղաղություն չի բերելու․ պատգամավոր

«Խաղաղության պայմանագիրը» խաղաղություն չի բերելու․ պատգամավոր

Փաստաթուղթը չեմ տեսել, բայց այս իշխանությունների և Ադրբեջանի
իշխանությունների հայտարարությունները համադրելով կարծում եմ՝ հստակ է փաստաթղթի մեջ
ինչ է գրված, կամ առհասարակ կա՞ նման փաստաթուղթ, թե՞ ոչ․  լրագրողների
հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորն ասում է՝ պետք է ուշադիր լինել թշնամի երկրի առաջնորդի
հայտարարություններին։ Օրինակ՝ վերջերս Ալիևը հայտարարեց, որ պետք է մոռանալ Արցախի
հարցը։

«Հայաստանի իշխանությունն էլ ընդհանրապես Արցախի Հանրապետություն բառն արտասանելուց
է վախենում։ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործունեությունից են վախենում»,-ասաց
Խաչատրյանը։

Պատգամավորին չի զարմացրել, այն, որ այս իշխանությունը
Արցախի պետական կառույցների գործունեությունը համարում է անիմաստ։

«Նրանք Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկել են։ Նիկոլ Փաշինյանն
էր, չէ՞ ասում, որ վերադարձի խնդիր չկա։ Ավելին ասեմ՝ հավանաբար կհիշեք, որ ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի նիստում, երբ ԱԳ նախարարը խոսում էր բռնի տեղահանման մասին, Բայրամովը նրան
հակադարձեց Նիկոլ Փաշինյանի խոսքերով, որ Արցախի ժողովրդին վտանգ չի սպառնում։ Կարծում
եք պատահաբա՞ր արեց»,-նշեց նա։ 

Խաչատրյանը վստահ է․ այդ «խաղաղության պայմանագիրը» խաղաղություն
չի բերելու։

«Իմ խորին համոզմամբ, այն փաստաթուղթը, որը Ադրբեջանը պարտադրում
է Հայաստանին, լինելու է անորոշ ձևակերպումներով, որն Ադրբեջանին հնարավորություն կտա
սեփական մեկնաբանություններում նոր պատերազմի առիթ ստեղծել»,-եզրափակեց Արթուր Խաչատրյանը։