12 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհի ամենաառողջարար, ամենաբազմազան և ամենահարուստ խոհանոցը հայկական խոհանոցն է․  Սեդրակ Մամուլյան

Աշխարհի ամենաառողջարար, ամենաբազմազան և ամենահարուստ խոհանոցը հայկական խոհանոցն է․  Սեդրակ Մամուլյան

ABC ինտերվյուի հյուրը Սեդրակ Մամուլյանն է` խոհարար, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ։ Նրա հետ զրուցել ենք հայկական խոհանոցից, դրա բազմազանությունից և յուրահատկությունից։ Խոհարարի կարծիքով` մեր խոհանոցն ամենահարուստն է և առողջարարը, պարզապես մենք այն լավ չենք ճանաչում։ Խոհանոցը մեր մշակույթի անքակտելի մասն է և մշակութային խրամատը, որը չպետք է լքել։

– Առողջարար է արդյո՞ք հայկական խոհանոցը։ Տարածված կարծիք կա, որ այն մի փոքր ծանր է։

-Աշխարհի ամենաառողջարար, ամենաբազմազան և ամենահարուստ խոհանոցը հայկական խոհանոցն է։ Մարդիկ կան, որ արտահայտվում են խոհանոցի մասին, չիմանալով, կամ դրա մասնագետը չլինելով։ Մեր խոհանոցում ամեն մանրուք հավասարակշռված է։ Հաշվի են առնվել բնակլիմայական պայմանները և դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Հայկական խոհանոցի մասին կարծիք կազմողների մի մասը մտածում է, որ մենք գազանի նման միս ենք ուտում, մի մասն էլ ասում է՝ փող չենք ունեցել, խոտ ենք արածել՝ նկատի ունենալով 300 անուն վայրի բույսերի առկայությունը մեր խոհանոցում։ Երկու կողմն էլ ունեն թերի գիտակցություն, կամ թերի գիտելիքի կրող են։ Մսային կերակրատեսակները, եթե դուք ուշադրություն դարձնեք, մեծ մասամբ օգտագործվում են ցուրտ ժամանակ, հատկապես տնտեսապես պասիվ ժամանակահատվածում, երբ մարդու օրգանիզմը հավելյալ էներգիայի կարիք ունի։ Գարնան գալուն պես՝ բացվում է վայրի ուտելի բույսերի շրջանը։ Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ մենք աղքատությունից է, որ դիմել ենք բնությանը, չարաչար սխալվում են և բացառում են այն հիմնային հասկացությունը, որ հայը բացառիկ բնապաշտ է՝ բնությունը ճանաչող, բնությունը գնահատող, բնական օրենքներով ապրող։

-Կերակրատեսակների միջև տարբերությունը Հայաստանի մարզերում շա՞տ է։

-Այո, հաճելիորեն տարբերվում են։ Մենք 10 մարզ ենք առանցնացրել և այնտեղի կերակրատեսակները բարբառների նման հաճելիորեն տարբերվում են՝ աննկարագրելի գեղեցկություն է։ Հաճելի զգացողություններ եմ ունենում յուրաքանչյուր մարզի անդրադառնալիս։ Կարևոր է, որ դու այդ խոհանոցը մշակելիս լինես այդ մարզում և խոսքը նույնիսկ լսես։

-Հայկական խոհանոցի նշանակությունն ու կարևորությունը ինչպիսի՞ն է տարածաշրջանում։

-Պատմական Հայաստանի խոհանոցը դոնոր է հանդիսացել մեր շրջապատի բոլոր ազգերի համար։ Եվ այդ խոհանոցի ճիշտ՝ մասնագիտորեն արդարացված վերականգնումը պարտադիր է։ Դրանով պետք է լրջորեն զբաղվել և չթերագնահատել այն․․․ Դրա համար եմ ասում, լուրջ մասնագետներ են պետք, որովհետև մեր խոհանոցը իրականում ոչ ինչ-որ բան արհեստականորեն ավելացնելու կարիք ունի, ոչ էլ պետք է թերագնահատել այն։ Հայկական խոհանոցը հզոր խոհանոց է, աշխարհի ամենահզոր խոհանոցներից մեկը՝ և դա ես չեմ ասում։ Օրինակ Վիլյամ Պախլյոբկինը մեր խոհանոցի մասին նշում է, որ այն Եվրասիայի հնագույն խոհանոցն է։

-Ձեր կարծիքով մենք մեր խոհանոցի համար բավարար չափով ենք պայքարում։

-Ես համարում եմ, որ պայքարն ամենուր է և բոլոր ոլորտներում ու ամեն ժամ պայքարը տեսակների մեջ՝ կենդանական աշխարհում, բուսական աշխարհում, շարունակվում է։ Մարդկության մեջ մի քիչ այլ է, որովհետև բնականաբար մարդը բանական էակ է և պայքարի ձևերը տարբեր են։ Մարդիկ իրար դեմ պայքարում են մշակույթով, ֆիզիկապես, զենքով, տնտեսությամբ, դիվանագիտությամբ և այլն։ Մշակույթով պայքարելու առումով է, որ ես միշտ ասում եմ մենք քիչ ենք կարևորում, կամ գոնե թե մշակույթի բոլոր ճյուղերը չենք շեշտադրում։

-Տարիներ առաջ վրացիները մածունը ամրագրեցին, որպես իրենց խոհանոցի անքակտելի մաս, իսկ հայ արտադրողներից ոմանք սկսեցին մածունով տարաների վրա գրել մացոնի։

-Մածունը չամրագրեցին, իրենք մացոնին ամրագրեցին։ Մացոնին Վրաստանում տեղանուն է։ Մենք սկսեցինք գրել մացոնի, եթե մենք գրեինք մածուն և բացատրեինք, որ մածուն նշանակում է տեխնոլոգիական պրոցես՝ դա նշանակում է թանձրացնել, մածել, մածուցիկ դարձնել և մենք մածում ենք ոչ միայն կաթը, այլ մածում ենք տոմատը, մածում ենք մասուրը, մածում ենք զկեռը և այլն։ Այսինքն, հասկանալի է դառնում որտեղից է անվան ծագումը, բայց մենք գրեցինք մացոնի։ Հիմա էլ այդ գրողը գրել է Գոռնի յոգուրտ։

-Տոները մոտենում են,  տան տիկիններին ի՞նչ խորհուրդ կտաք պատրաստել։

-Նոր տարուն ինչ էլ պատրաստեք՝ խորհուրդ կտայի անպայման Նավասարդի հարիսա ավելացնել՝ դա քաշիկան է կամ կորկոտը։ Պետք է պատրաստել միս ու առանց խառնելու ձավար, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն։ Խորհուրդ կտամ տարեկանի հաց անպայման լինի՝ կտրատեն այն տան անդամների անդամների թվաքանակով և ում միջուկն ընկավ, նրա համար տարին լավը կլինի։ Ես նախընտրում, որ գոնե անուշապուրը լինի,  որ տարին անուշ լինի, նախընտրում եմ նաև կճախաշը լինի։ Ծիսական կերակրատեսակներ կան, որ պետք է լինեն սեղանին, բնականաբար տոլման պիտի լինի միշտ, մնացածը՝ ինչ կցանկանաք։ Կարևոր է, որ տոնը կարողանանք կերակրատեսակների միջոցով նաև զգալ։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը