Վրաստանի նախագահը զրկվեց պետական պաշտպանությունից
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երրորդ ընթերցմամբ ընդունել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պետական պաշտպանությունից զրկելու մասին օրենսդրական փաթեթը։ Զուրաբիշվիլին լիազորությունների ավարտին կզրկվի պետական պաշտպանության իրավունքից:
Օրենքի նախագծին կողմ են քվեարկել իշխող կուսակցության 85 պատգամավորները:
Օրենքի նախագիծը խորհրդարանում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները նախաձեռնել են օրեր առաջ. օրենքի ընդունման դեպքում նախագահը, ինչպես նաև վարչապետն ու խորհրդարանի նախագահը, լիազորությունների դադարեցումից հետո, այլևս անձնական պաշտպանություն չեն ունենա, եթե Սահմանադրական դատարանը, համաձայն սահմանադրության 48-րդ հոդվածի, հաստատի հանցագործության նշանների առկայություն։
Անցյալ տարի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը։
«Վրացական երազանք»-ը դեկտեմբերի 14-ին կանցկացնի նախագահական ընտրություններ, իշխող ուժի նախագահի երդմնակալությունն Ամանորից առաջ է՝ դեկտեմբերի 29-ին։