23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորել է փորձն ու գիտելիքներն ի սպաս դնել ազգային-եկեղեցական կյանքում առկա մարտահրավերների հաղթահարմանը

Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորել է փորձն ու գիտելիքներն ի սպաս դնել ազգային-եկեղեցական կյանքում առկա մարտահրավերների հաղթահարմանը

Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին։

Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորեց վերապատրաստման դասընթացների շրջանակներում նոր գիտելիքների ձեռքբերումը, հոգևոր ծառայությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ քննարկումների կազմակերպումը, միմյանց հետ հովվական փորձառությամբ կիսվելն ու միջհամայնքային համագործակցային կապերի զորացումը, ինչը մեծապես կնպաստի Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։

Նորին Սրբությունը նկատեց, որ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության և հայորդիների հետ ամենօրյա շփումների արդյունքում ի մոտո ծանոթ են ժողովրդին հուզող խնդիրներին ու նրանց առջև ծառացած դժվարություններին։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը թելադրեց եկեղեցականներին իրենց հովվական փորձառությունն ու ձեռք բերված գործնական գիտելիքներն ի սպաս դնել ազգային-եկեղեցական կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման գործին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականներին անսակարկ նվիրումով, արիությամբ ու հանձնառու ոգով շարունակել իրենց անձնդիր ծառայությունը՝ ի խնդիր հայրենիքի շենացման և մեր ժողովրդի լուսավոր ապագայի կերտման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, 2023 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկած վերապատրաստման երեքամյա դասընթացներին մասնակից հոգևորականները թարմացնում են իրենց ծիսական, աստվածաբանական, պատմական գիտելիքները, կազմակերպում քննարկումներ Հայաստանյայց Եկեղեցու առաքելության իրականացման գործում ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման, ինչպես նաև հովվական ծառայության մեջ առկա հոգևոր կարիքներին և իրողություններին համապատասխան նոր մոտեցումների որդեգրման շուրջ։ Այս հավաքը թվով 14-րդ է, մինչ օրս վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 214 եկեղեցական: