Արևմտյան բարձրաստիճան քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները և դադարեցնել բռնաճնշումները
Դեկտեմբերին Բաքվում դատավարություն է սկսվել Abzas Media հրատարակության լրագրողների և նրա հետ համագործակցած լրագրողների դեմ։ Ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մտահոգություն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալության առնչությամբ, ով համագործակցել է այս պարբերականի հետ։ «Մենք շատ մտահոգված ենք այս դեպքով և կոչ ենք անում Ադրբեջանին հարգել երկրում յուրաքանչյուր մարդու իրավունքները և հատկապես հարգել մամուլի ազատությունը», – նշել է Միլլերը:
Միևնույն ժամանակ, Ստրասբուրգում Անդրեյ Սախարովի անվան մրցանակի հանձնման արարողության ժամանակ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան կրկին կոչ արել Ադրբեջանի իշխանություններին հանել տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի դեմ մեղադրանքները։ Նույն օրը Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված լրագրողների ու ակտիվիստների։ Տարբեր քաղաքական խմբերի պատգամավորներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները:
Դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակում քննարկումներ կանցկացվեն «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվող բռնաճնշումները» թեմայով։ Քննարկումների արդյունքներով՝ դեկտեմբերի 19-ին քվեարկության կդրվի որոշման նախագիծ։
Ընթացիկ տարվա ապրիլի 25-ին և հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանը բանաձևեր է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Միաժամանակ, պատգամավորները կոչ են արել Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։