Իտալական հեղինակավոր
La republica պարբերականը տեղեկացրել է, որ Իտալիան Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության
պայմանագրի կնքում է նախատեսում։ Դրան զուգահեռ Ադրբեջանը նախատեսում է ավելացնել
2024 թվականին ռազմական բյուջեն. այն կկազմի 6.5 միլիարդ մանաթ կամ շուրջ 3.8 միլիարդ
դոլար:
Արցախում քաղաքացիական անձանց, այդ թվում` երեխաների, ծերերի սպանությունների
ֆոնին Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է՝ «հայերի գաղթը Ստեփանակերտից
ու մերձակայքից շարունակվում է», իսկ ադրբեջանցի ահաբեկիչները շարունակում են տեսաուղերձներում
օգտագործել «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության նշանները:
Այս ամենին համընթաց պաշտոնական Բաքուն հայտարարում
է, որ «խաղաղության պայմանագրի» հիմնական կետերից մեկը պետք է լինի երկու երկրների
կողմից ներքին գործերին չմիջամտելը. «Հայաստանը զինվում է. եթե զգանք, որ ձեռք բերված
միջոցները լուրջ սպառնալիք կարող են լինել մեզ համար, տեղում կլուծենք այդ հարցը` հենց
ներսում», «Թույլ չենք տալու օգտագործել Կապանի օդանավակայանը», «սահմանները կլինեն
այնտեղ, ուր մենք ցույց կտանք», «ռազմավարական նշանակության տարածքները` բարձունքներն
ու առանցքային կարևորության ճանապարհները պիտի լինեն մեր վերահսկողության ներքո ու
պիտի «Արևմտյան Ադրբեջան» վերադառնանք» և այլն: Սա է ադրբեջանցիների չմիջամտելու քաղաքականությունն
ու պատկերացրած խաղաղությունը, և դա միայն այս փուլում:
Իսկ այն, որ որոշ ռազմական փորձագետներ փորձում
են Արցախի մնացյալ տարածք իրենց մուտքը բացատրել դեռ չհանձնված ուժերի առկայությամբ
և այն, որ ավելի ծավալուն է դառնում խորն ատելության խոսքը հայ մարդու նկատմամբ, ևս
մեկ անգամ փաստում է` Արցախում ապրող մեր քաղաքացիներն ու բանակը մարտնչել են հերոսաբար`
չխնայելով ոչինչ, ներդնելով գերմարդկային ջանքեր ու էներգիա:
Արամ Փոլադյան ադրբեջանագետ