24 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում թեև կանայք ավելի կիրթ են, հիմնական աշխատուժը տղամարդիկ են, իսկ մայրական մահացությունը բարձր մակարդակի է․ ՀԲ-ի զեկույց

ՀՀ-ում թեև կանայք ավելի կիրթ են, հիմնական աշխատուժը տղամարդիկ են, իսկ մայրական մահացությունը բարձր մակարդակի է․ ՀԲ-ի զեկույց

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է «Հայաստան․ երկրի գենդերային գնահատում» զեկույցը, որտեղ նշվել է, որ գենդերային հավասարությունը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսական հեռանկարների համար: Դեռևս առկա է կանանց զգալի չիրացված ներուժ` տնտեսական աճին մասնակցելու և նպաստելու առումով: Սա հատկապես կարևոր է, եթե հաշվի առնվի երկրի ներկայիս ժողովրդագրական պատկերը, որին բնորոշ է բնակչության նվազումը և հարաճուն խնամարկության գործակիցը: Գենդերային հավասարությունը նաև անկյունաքարային նշանակություն ունի արտաքին ցնցումների նկատմամբ դիմակայունության ձևավորման հարցում, ինչպիսիք են Քովիդ-19 համավարակը, կլիմայի փոփոխությունը կամ ռազմական հակամարտությունը Ադրբեջանի հետ: Այդուհանդերձ, դեռևս առկա են լուրջ գենդերային խզվածքներ՝ հիմնականում ի նպաստ տղամարդկանց, որոնք դրսևորվում են կրթության և մասնագիտությունների՝ ավանդաբար կանանց հետ ասոցացվող ոլորտների հետ, նրանց առավել նվազ մասնակցությամբ աշխատուժին, վարձատրության գենդերային խզվածքով և տղամարդկանց համեմատ կանանց ավելի սահմանափակ գործորդությամբ:

Մարդկային կապիտալի կուտակման որոշ բաղադրիչներով հայ կանայք գերազանցում են տղամարդկանց: Կանայք տղամարդկանցից միջինը 10 տարով ավելի երկար են ապրում. սա մասամբ պայմանավորված է վերջին շրջանում տղամարդկանց կյանքի ակնկալվող տևողության նվազմամբ: Տղամարդկանց շրջանում մահացության ավելի բարձր ցուցանիշը մասամբ կարելի է բացատրել տարածված ռիսկային վարքագծերով, ինչպիսին է ծխելը, և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցվող մահերով: Քովիդ-19-ը և զինված հակամարտությունը, ըստ ամենայնի, նպաստել են 2020 թվականին արձանագրված մահացության աճին: Այդուհանդերձ, դեռևս առկա են ավանդական գենդերային խզվածքներ: Թեև ծննդյան ժամանակ սեռերի շեղված հարաբերակցությունը նվազել է, այն շարունակում է բարձր մնալ՝ միջազգային միջին ցուցանիշների և 1.06 բնական մակարդակի համեմատ: Այս հարաբերակցությունն էլ ավելի է մեծացել 2021 թ-ի՝ 1.08 տղա յուրաքանչյուր աղջկա հաշվով ցուցանիշից հասնելով 1.12-ի 2022 թվականին, որը հավանաբար կապված է հակամարտության նոր բռնկման հետ: Սեռերի շեղված հարաբերակցությունն առաջանում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով, որը կապված է մշտապես տղա երեխային նախապատվություն տալու հետ, թեև այս միտումը բարելավվում է: Մայրական մահացության գործակիցը մնացել է բարձր՝ համադրելի երկրների ցուցանիշի համեմատ, և մի փոքր աճել է վերջին տասնամյակի ընթացքում, ինչը հիմնականում պայմանավորված է բնակչության վերարտադրողական և ընդհանուր ֆիզիկական առողջության վատթարացմամբ, որն ավելի է ընդգծվում մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բացերով: Այնուամենայնիվ, վերջերս ձեռնարկված ջանքերը հանգեցրել են մայրական մահացության գործակցի նվազման: Կրթության ոլորտում միջնակարգից բարձրագույն կրթության անցման փուլում հակառակ գենդերային խզվածք է նկատվում` ի վնաս տղամարդկանց:

Բակալավրիատում սովորող կանանց տեսակարար կշիռն ավելացել է, մինչդեռ տղամարդկանց տեսակարար կշիռը կայուն է եղել: Թերևս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն այս խզվածքին նպաստող գործոններից մեկն է: Չնայած բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) ոլորտներում կանանց առաջընթացին՝ կրթության, սոցիալական աշխատանքի, առողջապահության, արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտներում կանանց տեսակարար կշիռը՝ տղամարդկանց համեմատ, շատ ավելի բարձր է, մինչդեռ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ճարտարապետության և շինարարության ոլորտներում ուսանողների մեծ մասը դեռևս տղամարդիկ են` 62-ից 91 տոկոսի միջակայքում: Չնայած Հայաստանում կանանց մարդկային կապիտալի կուտակումը և հատկապես կրթվածությունը բարձր է, նրանց անցումը կրթությունից աշխատաշուկա, թերևս, բարդ է: Այսպես, Հայաստանում 15–29 տարեկան երեք կանանցից ավելի քան մեկը 2022 թվականին ներգրավված չի եղել ոչ կրթության մեջ, ոչ՝ աշխատաշուկայում. սա ավելի քան կրկնակի բարձր է տղամարդկանց համեմատ և բարձր է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 2019 թվականի միջին ցուցանիշից (15.2 տոկոս): Այս երևույթը հիմնականում պայմանավորված է ընտանիք կազմելու և խնամքի պարտականությունների հանգամանքներով:

Դեռևս մարտահրավերներ կան կանանց կրթական նվաճումները հնարավորությունների ավելի մեծ հասանելիության միջոցով բարձր տնտեսական եկամուտների վերածելու առումով: Սա հատկապես ակնհայտ է աշխատաշուկայում մասնակցության աճող և հարաբերականորեն մեծ խզվածքում և դրա էլ ավելի մեծանալով: 2022 թվականին աշխատուժի կազմում կանանց մասնակցությունը կազմել է 48.2 տոկոս, որն էականորեն ցածր է տղամարդկանց 71.2 տոկոս ցուցանիշից: Այս 23 տոկոսային կետով խզվածքը գերազանցում է տարածաշրջանի միջին 15 տոկոսային կետի ցուցանիշը։ Տվյալ միտումը պահպանվել է վերլուծության ողջ ժամանակահատվածում՝ 2018-ից մինչև 2022 թվականը: Մտահոգիչ փաստ է այն, որ Հայաստանում 25-29 տարեկան կանանց ավելի քան 50 տոկոսը չի աշխատում և չի սովորում, որը ակնհայտ բարձր ցուցանիշ է տարածաշրջանային չափանիշներով: Սա վկայում է մարդկային կապիտալի ներուժի անշրջահայաց տեղաբաշխման մասին:

Աշխատուժին մասնակցության խզվածքը Հայաստանում պայմանավորված է կանանց ընտանիք կազմելու և հիմնական խնամողի ավանդական դերակատարության հանգամանքներով: Այս խզվածքները զգալիորեն մեծանում են կանանց վերարտադրողական և ընտանիքի անդամներին խնամելու տարիներին: Աշխատուժի կազմում ներկա չլինելու հիմնական պատճառն ընտանեկան պարտականություններն են (22 տոկոս` կանանց պարագայում, իսկ տղամարդկանց՝ 0 տոկոս): Դա հաստատվում է սույն զեկույցում ներկայացված վերլուծությամբ, որը ցույց է տալիս, որ ընտանիքում խնամյալների (երեխաներ և ընտանիքի հաշմանդամություն ունեցող անդամներ) առկայությունը ազդում է աշխատուժին կանանց մասնակցության վրա։