Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը` ամփոփ
Նյու Յորքում քիչ առաջ ավարտվեց Արցախի հարցով
Ֆրանսիայի հրավիրած անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում հնչած ելույթները
ներկայացնում ենք ամփոփ։
Ֆրանսիա
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ հարցականի տակ դրվում, վտանգի տակ
է դրված Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները. Ֆրանսիայի արտգործնախարար
Մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զինտեխնիկա
կուտակելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին անցավ լայնածավալ հարձակման, Ֆրանսիայի
կողմից հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
«Ֆրանսիան անմիջապես դատապարտեց անընդունելի
հարձակումը և այս սեղանի շուրջ հավաքվածներից միակ երկիրը չենք, որ այդպես է
մտածում»։
Արտգործնախարարը հորդորեց զսպվածություն ցուցաբերել
և հարգել միջազգային իրավունքը և շեշտեց, որ քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ
զոհեր և վիրավորներ կան։
Մալթա
Մալթան դատապարտում է յուրաքանչյուր գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը։
Կոչ ենք անում ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները։
Միացյալ Թագավորություն
Միացյալ Թագավորությունը մտահոգված է լուրջ ճնշումներով, որոնք կրում է Ղարաբաղի բնակչությունը:
«Քաջալերված ենք տեսնել մարդասիրական բեռների առաքումը և՛ Լաչինի, և՛ Աղդամի ճանապարհով,
որը ընդհատվեց, երբ Ադրբեջանը անցավ ռազմական գործողությունների։ Միացյալ Թագավորությունը
ողջունում է հայտարարված հրադադարը և կոչ է անում բոլոր կողմերին հարգել այդ հրադադարը»։
ԱՄՆ
«ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, և այն հանգամանքով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական
գործողությունները։ Կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես։
Այս պահին իրավիճակը տեղում ծանր է, խորապես
մտահոգված ենք քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերով։ Շաբաթվա սկզբներին
ողջունեցինք մարդասիրական ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղ։ Հիասթափեցնող էր,
որ ռազմական գործողություններն սկսվեցին այդ դրական, վստահություն ամրապնդող գործողությունից
ընդամենը 1 օր անց։
ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ՝ այս
կարիքի պահին»։
Շվեյցարիա
«Շվեյցարիան խորապես մտահոգված է ռազմական գործողություններով, որոնք նախաձեռնեց Ադրբեջանը։
Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն իսկ
մարդասիրական ծանր իրավիճակում էր և կրում էր տառապանք։ Իրավիճակը մնում է փխրուն։
Մենք պետք է չսահմանափակվենք զուտ գեղեցիկ բառերով»։
Ռուսաստան
«Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերը հայտարարվել են Երևանի իշխանությունների
կողմից ԵՄ գագաթնաժողովներում, որտեղ Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Այս գագաթնաժողովների
ավարտական հռչակագրերում Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության
երաշխավորման թեման, դժբախտաբար, բաց է թողնվել։
Ակնկալում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև
շփումների արդյունքում հնարավոր կլինի թեթևացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում»։
Բրազիլիա
«Մենք դատապարտում ենք միակողմանի գործողությունների օգտագործումը, բնակելի տարածքների
վրա հարձակումները։ Հասկանում ենք, որ ընթացիկ ճգնաժամն այն վեճի շրջանակում է տեղի
ունենում, որը մի քանի սերունդ է շարունակվել և հազարավոր մարդկանց կյանք է արժեցել»։
Էկվադոր
«Սեպտեմբերի 19-ի գործողությունները պետք է դատապարտվեն։
Արդարացում չունի ռազմական ուժի գործադրումը՝
ի խախտումն միջազգային իրավունքի։ Այս գործողությունները հակասում են ՄԱԿ-ի միջազգային
դատարանի որոշումներին»։
Չինաստան
«ՌԴ խաղաղապահների անձնական անվտանգությունը պետք է պահպանված լիներ. ՉԺՀ ներկայացուցիչ
Չինաստանը ի գիտություն է ընդունում ՄԱԿ-ի
ԱԽ-ին ուղարկված Հայաստանի և Ադրբեջանի նամակները։
Շահագրգիռ կողմերը հրադադարի են հասել ՌԴ
միջնորդությամբ։ Չինաստանը ցավակցություն է հայտնում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին՝
շեշտելով, որ վերջինների անվտանգությունը պետք է պահպանված լիներ։
Չինաստանը կոչ է անում կողմերին պահպանել
զսպվածություն և խուսափել մարդասիրական իրավիճակի սրացումից»։
Հայաստան
«Ադրբեջանի ԶՈւ-ն վերահսկում է ԼՂ հիմնական ճանապարհները, հնարավոր չէ այցելել և տեղեկություններ
ստանալ փաստացի իրավիճակի մասին։
Ավելի
քան 10․000 մարդ հարկադրաբար
տեղահանվել է։ Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ,
այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ, 21-րդ դարում։ Ադրբեջանի աչքերում ԼՂ-ում
գտնվող երեխաներն ահաբեկիչներ են, նրանց գործողությունները՝ հրթիռները, զրահապատ մեքենաները,
հրետանին, ԱԹՍ-ներն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների, տատիկ-պապիկների
դեմ։ Միամտություն կլիներ կարծել, թե այս ամենը նախապես պլանավորած չի եղել։ Ադրբեջանական
ագրեսիան ծավալվել է բարբարոսաբար, դիտավորյալ։ Սա ողբերգության վերջին արարն էր։ Երբ
2022-ի դեկտեմբերին ԱԽ հրատապ նիստ հրավիրեցինք, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց։
Որոշումները չհարգվեցին Ադրբեջանի կողմից, և կրկին խորհուրդը չարձագանքեց։ Երբ մենք
զգուշացնում էինք Ադրբեջանի կողմից ուժի կիրառման վտանգի մասին, միջազգային հանրությունը
կասկածամտությամբ արձագանքեց մեր նախազգուշացումներին։ Կարևոր ասպեկտ․ ձեզնից ոմանք շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության
կողմերին։ Այս մոտեցումը և այս եզրույթաբանությունն այլևս կիրառելի և տեղին չեն։
Չկան համակարտության կողմեր, կան ոճրագործներ
և զոհեր
Հայաստանը նաև կոչ է անում անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն
Լեռնային Ղարաբաղում, հնարավորություն ստեղծել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժի ներկայության,
որը կպահպանի անվտանգությունը և կայունությունը Լեռնային Ղարաբաղում»։
Եվրոպական Միություն
«ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի սկսած մարտական գործողությունները
Ադրբեջանն է կրում պատասխանատվություն լիարժեք
ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։
ԵՄ-ն նաև կոչ է անում Ադրբեջանին աներկբա հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
և հորդորում վերսկսել երկխոսությունը՝ համապարփակ
և տևական խաղաղություն հաստատելու համար»։
Թուրքիայի ներկայացուցիչը իր ելույթում պահանջել է Հայաստանից բացել «Զանգեզուրի միջանքը»,
իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը ստահոդ մեղադրանքներ է առաջադրել Հայաստանին՝ իր ռազմական
հանցագործությունները արդարացնելու համար։