
Բունդեսթագի լուծարում և արտահերթ ընտրություններ. Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բունդեսթագում (խորհրդարանում) կանցլեր Օլաֆ Շոլցին անվստահություն հայտնելուց հետո որոշել է ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել փետրվարի 23-ին։
Գերմանիան բախվել է սուր քաղաքական ճգնաժամի այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայում (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ SPD, Կանաչներ և Ազատ դեմոկրատական կուսակցություն՝ FDP) տարաձայնություններ են առաջացել բյուջետային, ֆինանսական և տնտեսական քաղաքականության, ներառյալ Կիևին և այլոց հետագա աջակցության վերաբերյալ է։ Նոյեմբերի 6-ին Շոլցը որոշել է Քրիստիան Լինդներին (FDP) ազատել ֆինանսների նախարարի պաշտոնից, ինչի արդյունքում՝ կոալիցիան փլուզվել է։
Դեկտեմբերի 11-ին Շոլցը, համաձայն սահմանադրության 68-րդ հոդվածի, գրավոր հարցում է ուղարկել խորհրդարան՝ վստահության քվե ստանալու համար։
Կանցլերի վստահության հարցը Բունդեսթագում քննարկման է դրվել Դաշնային Հանրապետության պատմության մեջ վեցերորդ անգամ։Դեկտեմբերի 16-ին կայացած արտահերթ նիստում Բունդեսթագը հրաժարվել է վստահել Շոլցին՝ դրանով իսկ ճանապարհ բացելով Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։
Կառավարության ներկայիս ղեկավարին աջակցություն են հայտնել ներկա 717 պատգամավորներից 207-ը, ձեռնպահ են մնացել 116-ը։ Վստահության խնդրանքին դեմ է քվեարկել 394 խորհրդարանական։ Շոլցը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին առաջարկել է ցրել Բունդեսթագը վստահության քվեի տապալումից հետո։
Շտայնմայերը որոշել է ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել փետրվարի 23-ին։ Դրանց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն և կընտրվի նոր կանցլեր։