
Հութիները հարվածներ են հասցրել «Բեն-Գուրիոն» օդանավակայանին
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա շարժումը հայտարարել է, որ ի պատասխան Սանայի միջազգային օդանավակայանի և Հոդեյդա նահանգի ռմբակոծությունների, հրթիռային հարված է հասցրել Իսրայելի «Բեն-Գուրիոն» օդանավակայանին:
Հութիների զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հարվածը հասցվել է «Պաղեստին-2» բալիստիկ հիպերձայնային հրթիռի կիրառմամբ:
«Սանայում և Հոդեյդայում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա իսրայելական հարձակումները միայն կուժեղացնեն Եմենի` պաղեստինցի ժողովրդին աջակցելու վճռականությունը։ Մենք հնարավորություններ ունենք ընդլայնելու օկուպացված Պաղեստինում թիրախների բազան՝ ներառելով հակառակորդին պատկանող առավել կարևոր օբյեկտները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հութիները հայտարարել են, որ հարված են հասցրել Թել Ավիվում կենսական նշանակության թիրախի։